Ռուսաստանի կողմից հայկական ծաղիկների, մրգերի, բանջարեղենի և այլ արագ փչացող գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ կիրառվող և ընդլայնվող սահմանափակումները կարո՞ղ են այս փուլում վերածվել Հայաստանի համար մակրոտնտեսական ճգնաժամի, թե՞ դրանք, առաջին հերթին, լուրջ ոլորտային ցնցում են, որն ի հայտ է բերում Հայաստանի տնտեսության կառուցվածքային խոցելիությունը՝ պայմանավորված մեկ արտահանման շուկայից չափազանց մեծ կախվածությամբ։
Մակրոտնտեսական համատեքստը
Մակրոտնտեսական ճգնաժամի և ոլորտային ցնցումների տարբերակումը կարևոր է։ Համաձայն Համաշխարհային բանկի 2026թ․ հունիսի տնտեսական ամփոփագրի՝ 2026թ․ ապրիլին տնտեսական ակտիվությունն աճել է 7.1%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում՝ 6.9%-ով։ Աճը հիմնականում պայմանավորված էր շինարարության, հանքարդյունաբերության, մշակող արդյունաբերության և ծառայությունների ոլորտների դրական ցուցանիշներով։
Արտահանման պատկերը սակայն ավելի անհավասար է։ Միայն ապրիլ ամսին, առանց թանկարժեք քարերի վերաարտահանման հաշվառման, արտահանումն աճել է 21.7%-ով՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ հիմնականում հանքային արտադրանքի և պատրաստի սննդամթերքի արտահանման հաշվին: Միևնույն ժամանակ, հունվարից ապրիլ ժամանակահատվածում ընդհանուր արտահանումը նվազել է 3.3%-ով, մինչդեռ ներմուծումն աճել է 2.5%-ով: Արդյունքում 2026թ․ առևտրային պակասուրդը գնահատվում է ՀՆԱ-ի շուրջ 5.4%-ի չափ։
Շուկայի կենտրոնացման ռիսկը
Հիմնական տնտեսական մտահոգությունը երկրի անմիջական անկայունությունը չէ, այլ արտաքին տնտեսական կախվածության բարձր մակարդակն ու շուկաների կենտրոնացման ռիսկը։ Հայաստանը շարունակում է զգալիորեն կախված մնալ Ռուսաստանից՝ որպես իր գլխավոր առևտրային գործընկեր։ 2025-ին Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրում կազմել է 35%, մինչդեռ Չինաստանինը՝ 12.5%, իսկ Եվրոպական միությանը՝ 11.8%։ Մակրոտնտեսական առումով սա նշանակում է, որ ռուսական շուկայում ցանկացած էական փոփոխություն կամ խաթարում կարող է անհամաչափ ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա։
Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումը թվերով
Եթե չհաշվենք վերաարտահանվող ապրանքները, ապա Հայաստանի արտահանման կառուցվածքում առաջատար դիրքը զբաղեցնում է կոնյակը, որին հաջորդում են մրգերը (ծիրան, բալ, կեռաս, դեղձ, նեկտարին, սալոր և այլն), ձուկը և ծաղիկները։ Մաքսային ծառայության տվյալներով՝ 2025թ․ Հայաստանը Ռուսաստան է արտահանել 285 միլիոն դոլարի արժողությամբ կոնյակ, ռոմ, ջին, օղի և լիկյոր։ Նույն տարում հայկական ծագման թարմ մրգերը դարձել են Ռուսաստան արտահանվող երկրորդ խոշոր ապրանքախումբը՝ 57 միլիոն դոլար ընդհանուր արժեքով, ընդ որում Ռուսաստանին բաժին է ընկել հայկական մրգերի արտահանման 94%-ը։
Ռուսաստանը նաև եղել է հայկական թարմ ձկան և ծաղիկների գրեթե միակ շուկան՝ ապահովելով դրանց արտահանման համապատասխանաբար 99% և 100%-ը։ 2025թ․ այս ապրանքների արտահանման ծավալները կազմել են համապատասխանաբար 56 միլիոն և 48 միլիոն դոլար։
Ռուսաստանի գերիշխող դիրքն այս ապրանքախմբերում պայմանավորված է մի շարք գործոններով՝ Հայաստանին մոտ լինելով, տարիների ընթացքում ձևավորված մատակարարման և բաշխման ցանցերով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում գործող մաքսատուրքից ազատ առևտրի ռեժիմով։ Այս հանգամանքները երկար ժամանակ Ռուսաստանը դարձրել են հայկական բազմաթիվ ապրանքների համար առևտրային տեսանկյունից ամենագրավիչ և մրցունակ արտահանման ուղղությունը։
Ծաղիկների առևտուրը
2025-ին Հայաստանը դարձավ Ռուսաստանի թարմ ծաղիկների երկրորդ խոշորագույն մատակարարը՝ շուրջ 32 միլիոն դոլարի արտահանմամբ։ 2026֊ի առաջին հինգ ամիսներին հայկական ծաղիկների մատակարարումները Ռուսաստան աճեցին գրեթե 50%-ով՝ հասնելով 52 միլիոն ցողունի։ Սակայն արտահանման աճին զուգահեռ խստացավ նաև վերահսկողությունը․ ռուսական կողմը 135 առաքման դեպքում արձանագրեց կարանտինային խախտումներ, ինչը 77%-ով գերազանցում է ամբողջ 2025թ․ ցուցանիշը։
Այսօր Հայաստանն ապահովում է Ռուսաստանի թարմ վարդերի շուկայի մոտ 10%-ը, իսկ հայկական վարդերը հաճախ մինչև 60%-ով ավելի մրցունակ գին ունեն, քան էկվադորից ներմուծվող վարդերը։ Ցանկացած այլ պայմաններում նման աճի տեմպերը կդիտարկվեին որպես հաջողված արտահանման պատմություն։ Սակայն այս դեպքը ցույց տվեց նաև, թե որքան արագ կարող է արտահանման հաջողությունը վերածվել խոցելիության, երբ վաճառքը կենտրոնացած է մեկ շուկայում։
Այս արգելափակումները համընկան Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխության հետ։ Անկախ դրա հիմքում ընկած պատճառներից՝ արտահանողների համար գործնական հետևանքները նույնն էին. հունիսի կեսերին խաթարումները վաղուց արդեն դուրս էին եկել մեկ առանձին ապրանքատեսակի շրջանակներից և տարածվել էին Հայաստանից Ռուսաստան արտահանվող գրեթե բոլոր գյուղատնտեսական ապրանքների վրա։
Ազդեցությունը արտահանողների վրա
Իրական ազդեցությունն առաջին հերթին դրսևորվում է ոչ թե ՀՆԱ-ի ընդհանուր ցուցանիշներում, այլ արտահանողների ֆինանսական արդյունքներում և հաշվեկշիռներում։ Գյուղատնտեսական ապրանքները հատկապես խոցելի են սահմանային խափանումների նկատմամբ, քանի որ ժամանակն ինքնին արտադրանքի արժեքի կարևոր բաղադրիչն է։ Երբ ծաղիկների, հատապտուղների, լոլիկի կամ դեղձի առաքումները ուշանում կամ արգելափակվում են, կորուստը չի սահմանափակվում միայն հետաձգված եկամուտներով։ Այն կարող է հանգեցնել ապրանքի փչացման, ներքին շուկայում հարկադիր գնային նվազեցումների կամ պայմանագրային պարտավորությունների չկատարման։
Այս ազդեցությունները արագ տարածվում են ամբողջ արժեշղթայի վրա՝ անդրադառնալով ոչ միայն արտադրողներին, այլև փաթեթավորման մատակարարներին, փոխադրող ընկերություններին, սառնարանային պահեստավորման ծառայություններ մատուցողներին և աշխատուժին։
Կարևոր է նաև հաշվի առնել ֆինանսական բաղադրիչը։ Արտահանողների մեծ մասն աշխատում է սահմանափակ շրջանառու միջոցների պայմաններում՝ ֆինանսավորելով տնկման աշխատանքները, ջերմոցների ջեռուցումը, փաթեթավորումն ու փոխադրումը՝ հիմնվելով արտահանման արդյունքում ակնկալվող կանխատեսելի դրամական հոսքերի վրա։ Այս արտադրական ենթակառուցվածքի զգալի մասը ձևավորվել է հատկապես ռուսական շուկայի պահանջարկին համապատասխան․ օրինակ՝ վերջին 7-8 տարիների ընթացքում լոլիկի ջերմոցային հզորությունների ընդլայնումը հիմնականում պայմանավորված է եղել ռուսական շուկայի պահանջարկով։
Երբ այս շրջանառության ցիկլը խաթարվում է, խնդիրը շատ ավելի խորն է, քան պարզապես վաճառքի կորուստը։ Տարիների ընթացքում ձևավորված շուկայական կապերն ու կատարված ներդրումները կարող են ժամանակավորապես կորցնել իրենց կիրառական արժեքը՝ մնալով առանց անմիջական իրացման շուկայի։
Դիվերսիֆիկացիայի մարտահրավերը
Արտահանման դիվերսիֆիկացիան դանդաղ և խոչընդոտներ պարունակող գործընթաց է։ Տեսականորեն հայկական արտադրողները կարող են վերաուղղել իրենց արտահանումը դեպի այլ շուկաներ, այդ թվում՝ Եվրոպական Միություն, Պարսից ծոցի երկրներ կամ հարևան պետություններ։ Սակայն գործնականում դա պահանջում է նոր գնորդների որոնում, լոգիստիկ նոր լուծումների ձևավորում, վճարային այլընտրանքային մեխանիզմների ներդրում, սերտիֆիկացման գործընթացների համապատասխանեցում, ինչպես նաև պիտակավորման և լեզվական պահանջների փոփոխություն։
Այս քայլերը ժամանակի ընթացքում հնարավոր է իրականացնել, սակայն կարճաժամկետ հեռանկարում դրանք պահանջում են զգալի ֆինանսական և կազմակերպչական ռեսուրսներ։
Այս բացը լրացնելու համար կան մի քանի օժանդակ միջոցներ.
- Առևտրային առաքելություններ․ WTC Երևանի համաշխարհային ցանցը կարող է արտահանողներին ուղղակիորեն կապել նոր գնորդների հետ
- Պահեստավորում առևտրային կարևոր հանգույցներում
- Գյուղատնտեսական ապրանքներին համար անհրաժեշտ սառնարանային միջոցներով ապահովված և կայուն աշխատող բեռնափոխադրում
- Արտադրանքի համապատասխանեցում Եվրոպական միության և Պարսից ծոցի երկրների ներմուծման չափանիշներին ու պահանջներին։
Այդուհանդերձ, մակրոտնտեսական տեսանկյունից իրավիճակը երկակի է։ Մի կողմից Հայաստանը շարունակում է պահպանել համեմատաբար կայուն տնտեսական աճի տեմպեր, և գործող սահմանափակումներն ինքնին չեն հանգեցրել լայնածավալ մակրոտնտեսական խաթարումների։ Մյուս կողմից՝ այս սահմանափակումները հստակ ընդգծում են, որ տնտեսական աճը կարող է զուգակցվել խոցելիության հետ, երբ արտաքին առևտուրը չափազանց կենտրոնացած է սահմանափակ թվով շուկաների վրա։
Ինչ է սպասվում
Կարճաժամկետ ազդեցությունը հստակ է․ այս սահմանափակումները զգալի ճնշում են գործադրում հայկական արտահանողների վրա՝ հատկապես գյուղատնտեսական ապրանքների ոլորտում, ինչպես նաև բացասաբար են անդրադառնում եկամուտների և դրամական հոսքերի վրա։
Միջնաժամկետ հեռանկարում հետևանքը ևս ակնհայտ է․ ստեղծված իրավիճակը ավելի է ընդգծում արտահանման շուկաների դիվերսիֆիկացման, միջազգային չափանիշների արդիականացման և մեկ գերիշխող շուկայից դուրս ավելի կայուն լոգիստիկ ու վաճառքի ուղիների ձևավորման անհրաժեշտությունը։
Այս հարցը ավելի քիչ վերաբերում է անմիջական մակրոտնտեսական ճգնաժամին և ավելի շատ՝ արտահանման կառուցվածքային կախվածությանը։ Հայաստանի տնտեսությունը շարունակում է աճել, սակայն այս իրավիճակը ցույց է տալիս, որ տնտեսական աճն ինքնին բավարար պայման չէ կայունության համար։ Երկարաժամկետ դիմակայունությունը կախված է ոչ միայն արտահանման ծավալներից, այլև դրանց բազմազանությունից, ճկունությունից և արտաքին ցնցումներին դիմակայելու կարողությունից։
Բալթյան երկրները կարող են դիտարկվել որպես հեռանկարային ուղղություններ։ Հայաստանից Լատվիա և Լիտվա արտահանման ծավալներն արդեն աճի միտում են ցուցաբերում, իսկ ձևավորված առևտրային կապերը կարող են նվազեցնել շուկա մուտք գործելու խոչընդոտները՝ համեմատած ավելի քիչ ուսումնասիրված և ծանոթ շուկաների հետ։
2026թ․ հուլիսի 2-ին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ ԵՄ-ն կառաջարկի առևտրային միջոցառումներ, որոնց արդյունքում հայկական արտահանման մոտավորապես 80%-ը կարող է ստանալ անմաքս մուտք ԵՄ շուկա։ Նախաձեռնությունը կներառի նաև նախկինում հիմնականում Ռուսաստան ուղղված թարմ գյուղատնտեսական արտադրանքի գրեթե 99%-ը, ինչպես նաև ըմպելիքների և ալկոհոլային արտադրանքի արտահանման ավելի քան 90%-ը։
Այս միջոցառումներին կուղեկցի 52 միլիոն եվրոյի չափով ԵՄ աջակցություն, որից 34 միլիոն եվրոն արդեն հատկացվել է։ Նախատեսվում է նաև մինչև հուլիսի կեսը Հայաստան ուղարկել ԵՄ փորձագետների թիմեր՝ տեղական արտադրողներին ուղղակի աջակցություն ցուցաբերելու և օգնելու նրանց եվրոպական չափանիշներին համապատասխան գյուղմթերքի աճեցմանը։
Հայկական կողմից Էկոնոմիկայի նախարարությունը հաստատել է, որ արտահանման համար նախատեսված հայկական մրգերն ու բանջարեղենն արդեն ունեն Global G.A.P. սերտիֆիկացում՝ սննդի անվտանգության ոլորտում կիրառվող բարձրագույն միջազգային չափանիշներից մեկը։ Միաժամանակ նախարարությունը առաջարկել է աջակցության ծրագրեր՝ 5,5 միլիոն դոլար ծաղիկ արտադրողների և 3,5 միլիոն դոլար՝ լոլիկ ու պղպեղ արտահանող արտադրողների համար՝ նպաստելու ԵՄ շուկայում մրցակցության հետ կապված ավելի բարձր ծախսերի փոխհատուցմանը։
Այս քայլերը չեն վերացնում հայկական արտահանողների առջև ծառացած կարճաժամկետ մարտահրավերները։ Սակայն դրանք վկայում են, որ ստեղծված իրավիճակը խթանում է ավելի խորքային կառուցվածքային փոփոխություն՝ մեկ գերիշխող շուկայից կախվածությունից անցում դեպի ավելի բազմազան և դիմակայուն արտահանման։



.png)




.png)



