ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԽԹԱՆ
Հայաստանը` իր հյուրընկալությամբ, արագ զարգացող ավիացիոն կապերով և ազատականացմանը միտված բիզնես միջավայրով այսօր ավելի քան երբևէ պատրաստ է զարգացնել MICE ենթակառուցվածքները Հայաստանում և հյուրընկալել
լայնածավալ միջոցառումներ, միջազգային համաժողովներ, ֆորումներ և համերգներ։
MICE-ի ԳԼՈԲԱԼ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ
Բիզնես միջոցառումները տնտեսական աճի շարժիչ ուժ են։ Events Industry Council-ի և Oxford Economics-ի համատեղ հետազոտության համաձայն՝ COVID-19-ը համավարակից առաջ բիզնես միջոցառումները ապահովել են շուրջ 1.15 տրիլիոն ԱՄՆ դոլարի ուղղակի ծախսեր, 10.9 միլիոն ուղղակի աշխատատեղեր, ինչպես նաև 2.8 տրիլիոն դոլարի արտադրանք (վաճառք) և 1.6 տրիլիոն դոլարի ՀՆԱ, որը կազմում է համաշխարհային համախառն ներքին արդյունքի զգալի մասը։
Այս վիճակագրությունը լավագույնս բացատրում է, թե ինչու են քաղաքները ակտիվորեն մրցում խոշոր համաժողովներ և ցուցահանդեսներ հյուրընկալելու համար։ Ավելին, առաջիկա տարիների կանխատեսումները առավել հավակնոտ են։ Euromonitor International-ը կանխատեսում է, որ MICE զբոսաշրջության վաճառքները կհասնեն մոտ 315 միլիարդ ԱՄՆ դոլարի 2025 թվականի ավարտին, իսկ մինչև 2029 թվականը՝ շուրջ 400 միլիարդ դոլարի, տարեկան միջինում 8.4% աճի տեմպով (2024–2029)։ Մինչև 2030 թվականը մեկ ներգնա MICE այցի միջին ծախսը կկազմի շուրջ 1,760 դոլար, ինչը զգալիորեն գերազանցում է բիզնես կամ ժամանցային ճանապարհորդությունների ցուցանիշները։
Միևնույն ժամանակ, պետություններն ու քաղաքները բարելավում են իրենց ենթակառուցվածքներն՝ էլ ավելի գրավիչ և մրցակցային լինելու համար։ Օրինակ՝ Սաուդյան Արաբիան իրականացնում է 71 ցուցահանդեսային և կոնվենցիոն կենտրոնների ցանցի պլանավորում՝ հստակ չափորոշիչներով, կառավարման և ֆինանսավորման մոդելներով։ Սա շատ արագ և թիրախավորված ռազմավարական պայմանների ստեղծման դասական օրինակ է։ Նմանապես, Հորդանանի մայրաքաղաք Ամմանը ակտիվորեն աշխատում է քաղաքային կենտրոնում խոշոր միջոցառումների տարածքներ հիմնելու ուղղությամբ և նախաձեռնել է համապատասխան ուսումնասիրություն, մշակել գործողությունների իրականացման ծրագիր։
Եզրակացությունը հստակ է՝ նպատակային MICE ենթակառուցվածքները Հայաստանում պարզապես շինարարական նախագծեր չեն․ դրանք ռազմավարական տնտեսական ենթակառուցվածքներ են, որոնք ընդլայնում են երկրի արտահանման ներուժը, ստեղծում գիտելիքի փոխանակման միջազգային հարթակներ, խթանում զբոսաշրջությունը և ամրապնդում միջազգային կապերը։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ստորև ներկայացնում ենք համաշխարհային լավագույն MICE ուղղությունների օրինակները, իրատեսորեն գնահատում գործարար տուրիզմի ու MICE ոլորտի Հայաստանի ներկայիս առավելությունները, ինչպես նաև բացերը, և թե ինչպես կարող է WTC Երևանի նպատակային ենթակառուցվածքը բազմապատկել երկրի տնտեսական աճը առաջիկա տարիներին։

ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՌԱՋԱՐԿԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ MICE ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ
Լավագույն միջազգային MICE կենտրոններ, ինչպիսիք են Սինգապուրը, Դուբայը, Մադրիդը, Մետրո Մանիլան, ներառում են մի շարք հիմնարար գործոններ, որոնք կարելի է դիտարկել որպես համընդհանուր չափորոշիչներ ցանկացած քաղաքի համար.
- Անվտանգություն
Անձնական և ֆիզիկական անվտանգություն և կայուն քաղաքական, տնտեսական և քաղաքացիական միջավայր։ Խոշոր քաղաքներում հանցագործությունների ցածր մակարդակը միջազգային համաժողովների կազմակերպությունների համար կարևոր որոշիչ գործոն է։ Ինչպես Համաշխարհային Տուրիզմի Ֆորումի ժամանակ իր խոսքում ընդգծել էր WTC Երևանի գործադիր տնօրեն Արտաշես Տոնոյանը. «Ֆիզիկական անվտանգությունը նվազագույն չափորոշիչ է։ Փորձառությունը՝ բազմապատկող գործոն»։ - Հասանելիություն և ավիացիոն կապեր
Հարմարավետ և վստահելի թռիչքներ, բազմակողմանի ուղղություններ, ողջամիտ ժամեր։ - Մուտքի և վիզայի պարզ ռեժիմ
Թվայնացված, պարզ կամ առանց վիզային համակարգեր, ինչպես նաև հստակ և օժանդակված կանոններ համաժողովների կազմակերպիչների և ցուցահանդեսների մասնակիցների համար։ - Համապատասխան տարածքներ և հյուրանոցներ
Նպատակային կառուցված համաժողովային և ցուցահանդեսային կենտրոններ՝ հեշտ հասանելի միջին և բարձր դասի հյուրանոցներին։ - Կայունություն
Էներգաարդյունավետ շենքեր, թափոնների կրճատում, մաքուր օդ, հարմարավետ լուսավորություն: Պայմաններ որոնք թույլ են տալիս միջոցառումների կազմակերպիչներին ապահովել կայուն զարգացման նպատակների համապատասխանությունը։ - Ակտիվ համագործակցություն պետական ոլորտի հետ
Համապարփակ զբոսաշրջային կառավարման մարմին, որը ենթակառուցվածքների հետ համատեղ մասնակցում է միջազգային հայտերի ներկայացմանը։ - Ոլորտային կառույցների հետ ամուր կապեր
Մասնակցություն և անդամակցություն միջազգային MICE կազմակերպություններին՝ ինչպիսիք են ICCA, UFI, IAPCO՝ տեղեկատվության, ուսուցման ծրագրերի, միջոցառումների և չափորոշիչների առավելագույն հասանելիություն ապահովելու համար։
Այս գործոնները պարզապես հայտեր հաղթելու գրավական չեն, սրանք բազմապատկում են տնտեսական հասույթները՝ հյուրանոցային, տրանսպորտային, մշակութային և առևտրային ոլորտներում։

ԻՆՉ ԴԻՐՔ Է ԶԲԱՂԵՑՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԼՈԲԱԼ MICE ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Անվտանգություն
Հայաստանը` հատկապես մայրաքաղաքը, ընկալվում է որպես անվտանգ քաղաքային ուղղություն։ Numbeo-ի 2025 թվականի անվտանգության ինդեքսով Հայաստանը դասվում է աշխարհի ամենաանվտանգ 10 երկրների շարքին (ինդեքս՝ 77.9), իսկ Երևանում՝ հանցագործությունների մակարդակը համաշխարհային չափանիշներով գտնվում է ցածր մակարդակում՝ նախապայման որին մշտապես հղում են կատարում քաղաքների նախնական ընտրության ժամանակ։
Հասանելիություն
Ավիացիոն կապերն արագ ընդլայնվում են։ 2025 թվականի հոկտեմբերին Wizz Air-ը բացեց իր առաջին բազան Երևանում՝ տեղակայելով երկու A321neo ինքնաթիռ և ավելացնելով ութ ուղիղ եվրոպական ուղղություններ։ Սա կարևոր քայլ է, որն ապահովում է մատչելիություն և հաճախականություն ողջ տարվա ընթացքում։ Զվարթնոց միջազգային օդանավակայանը (EVN) համագործակցում և սպասարկվում է ավիափոխադրողների աճող շրջանակի հետ (Austrian, LOT, Qatar Airways, flydubai, Air Arabia, Aegean և այլն)։ Տվյալների համաձայն՝ Երևանից հասանելի է շուրջ 70 ուղղություն՝ այդ թվում և հիմնական եվրոպական և մերձավորարևելյան քաղաքներ։
Վիզաներ և մուտք
Հայաստանն ունի ժամանակակից էլեկտրոնային վիզայի համակարգ (տրամադրվում է ստանդարտ՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, 21 կամ 120 օր ժամկետներով)՝ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական առցանց հարթակում։ Ավելին, երկկողմ համաձայնագրերի հիման վրա մի շարք երկրների քաղաքացիներ կարող են մուտք գործել առանց վիզայի։ 2025 թվականին ներդրվել է նաև առանց վիզայի մուտք Ծոցի երկրների քաղաքացիների և ռեզիդենտների համար։ Բացի այդ, 2025 թվականին ԵՄ-ն վերսկսել է վիզային ազատականացման բանակցություններ Հայաստանի հետ, ինչը խթանիչ է երկարաժամկետ, երկկողմ բիզնես կապերի համար։
Պետական կոորդինացիա և ոլորտային համագործակցություն
WTC Երևանը ակտիվորեն համագործակցում է Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի հետ, իր երկարաժամկետ նախաձեռնությունները համադրելով երկրի զարգացող զբոսաշրջային և MICE ռազմավարության հետ։ Միաժամանակ, ընթանում են նախնական քննարկումներ՝ WTC Երևանի գործարկումից հետո ICCA, UFI, IAPCO և AIPCO կազմակերպություններին անդամակցելու ուղղությամբ՝ միջազգային ցանցերին, որակավորված պահանջարկին, լավագույն փորձին և մասնագիտական վերապատրաստման ծրագրերին հասանելիություն ապահովելու նպատակով։ Ավելին, այս տարի WTC Երևանը առաջին անգամ մասնակցեց ICCA-ի 64-րդ Կոնգրեսին։
Կայուն զարգացում
Համաշխարհային մակարդակի կայունության չափորոշիչներին համապատասխանելու հանձնառությամբ (LEED Gold, WELL Gold և/կամ BREEAM Excellent հավաստագրեր), մենք նպատակ ունենք մեր բոլոր գործառույթները համապատասխանեցնել ՄԱԿ-ի Կայուն զարգացման 3, 6, 7, 9, 11, 12, 13 և 15 նպատակներին։ Այս ջանքերը վստահորեն կդիրքավորեն WTC Երևանը որպես Կովկասի տարածաշրջանի ապագա MICE առաջատար։
Եզրակացություն. Հայաստանը նպատակային քայլերով գնում է MICE հիմնական չափանիշներին համապատասխանելու ուղղությամբ՝ առաջարկելով անվտանգություն, պարզեցնելով մուտքը, հեշտացնելով հասանելիությունը և զարգացնելով համագործակցությունը՝ ներպետական և միջազգային կապերի միջոցով։
ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ MICE ՀԱՐԹԱԿՆԵՐԸ ԱԶԴՈՒՄ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ
Քաղաքներում նպատակային MICE հարթակները պարզապես շքեղություն չեն, դրանք ռազմավարական տնտեսական ենթակառուցվածքներ են։ Բարձր չափորոշիչներով նախագծված նմանատիպ նախագծերը կարող են Հայաստանը բարձրացնել նոր մակարդակի։ Հաշվարկների վրա հիմնված տնտեսական ազդեցությունը ստեղծում է հստակ վիճակագրություն։
Ստորև ներկայացվում ենք երկու սցենարներ Հայաստանի համար։
Euromonitor-ը նշում է ներգնա MICE ուղևորության մեկ այցելուի ծախս՝ շուրջ $1,760 մինչև 2030թ․֊ը։
EIC / Oxford Economics-ի գնահատականների համաձայն՝ մոտավորապես 105 հազար ԱՄՆ դոլար ուղղակի ծախսը ապահովում է մեկ ուղղակի աշխատատեղ։ Հիմք ընդունելով սա, փորձել ենք դիտարկել WTC Երևանի շահագործումից հետո, հետևյալ 2 սցենարները.
Սցենար 1 (բազային)
35,000 ներգնա MICE այցելուներ
- Ուղղակի այցելուների ծախսեր ֊ 61.6 մլն ԱՄՆ դոլար (35,000 × 1,760 ԱՄՆ դոլար)
- Նոր աշխատատեղեր ֊ 585 (61.6 մլն ÷ 105.5 հազար)
Սցենար 2 (ընդլայնված)
60,000 ներգնա MICE այցելուներ
- Ուղղակի այցելուների ծախսեր ֊ 105.6 մլն ԱՄՆ դոլար (60,000 × 1,760 ԱՄՆ դոլար)
- Նոր աշխատատեղեր – մոտ 1,000 (105.6 մլն ÷ 105.5 հազար)
Այս հաշվարկները չեն ներառում կազմակերպիչների ծախսերը, հովանավորությունը, միջոցառումների ծախսերը, ինչպես նաև անուղղակի և ուղղակի ազդեցությունները, որոնք սովորաբար զգալիորեն բարձրացնում են ընդհանուր տնտեսական ազդեցությունը։
UFI-ի բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ միայն ցուցահանդեսները ստեղծում են զգալի տնտեսական ազդեցություն հյուրանոցների, սննդի, լոգիստիկայի և մանրածախ առևտրի ոլորտներում։ Ավելին, ունենալով առաջատար հարթակ և աջակցող պետական քաղաքականություն՝ Հայաստանը կարող է արձանագրել օտարերկրյա ուղղակի ներդրումների (FDI) հոսքեր, գիտահետազոտական գործընկերություններ, արտահանման գործարքներ, մշտական միջազգային առևտրային ցուցահանդեսներ։
WTC ԵՐԵՎԱՆԸ՝ MICE ԽԹԱՆԻՉ
WTC Երևանը հանդիսանալու է A դասի, զրոյական արտանետումներով (net zero) բազմաֆունկցիոնալ համալիր մայրաքաղաքի կենտրոնում և Հայաստանի ապագա MICE ենթակառուցվածքների առանցքային հենասյուն։ Ծրագրի ընդհանուր կառուցապատվող մակերեսը կազմում է մոտ 150,000 քմ՝ միավորելով բիզնես, առևտրային, հյուրանոցային և MICE ենթակառուցվածքները:
Ծրագրային բաղադրիչները ներառում են․
- բիզնես կենտրոն
- ցուցահանդեսային և միջոցառումների տարածքներ
- կոնֆերանսային և համերգային սրահներ
- բարձրակարգ 4/5 աստղանի հյուրանոց
- մանրածախ առևտրի և սննդի տարածքներ
- ֆիթնես գոտիներ
Այս ամենը ամբողջությամբ ինտեգրված մեկ միասնական համալիրում։ WTC Երևանի ցուցահանդեսային, միջոցառումների, կոնֆերանսների և համերգային ենթակառուցվածքները կձևավորեն Հայաստանի նոր ազգային կոնվենցիոն հարթակի հիմքը: Միջազգային ասոցիացիաների, կորպորացիաների և գործարար ճանապարհորդների համար սա «ամենը մեկում» կատարյալ մոդելն է։
Ավելին, WTC Երևանը նախատեսում է ակտիվ մասնակցություն համաշխարհային MICE հարթակներին, այնպիսին ինչպիսիք են՝ ICCA, UFI, IAPCO և AIPCO։ Սրանք այն ցանցերն են, որտեղ շրջանառվում են խոշոր միջազգային հայտերը և ձևավորվում չափորոշիչներն ու մասնագիտական գիտելիքը։
- ICCA-ի անդամակցությունը ապահովում է հասանելիություն 11,000 ոլորտային ներկայացուցիչներին, MyICCA տվյալների հարթակին, ինչպես նաև ICCASkills (CICS/CICE) սերտիֆիկացման ծրագրերին։
- UFI-ն ամրապնդում է ցուցահանդեսային ուղղությունը՝ տրամադրելով հետազոտություններ, միջազգային նոր չափորոշիչներ և ստանդարտներ։
Ծրագրի ավարտից և անդամակցությունների ակտիվացումից հետո WTC Երևանը իրականացնելու է համակարգված ծրագիր՝ քարտեզագրելով տարածաշրջանային և եվրոպական առաջատար ասոցիացիաները, ոլորտային կլաստերները, սփյուռքյան կառույցները, և Զբոսաշրջության կոմիտեի հետ գործընկերությունը՝ հանդես գալու համատեղ հայտերով:
Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեն (Էկոնոմիկայի նախարարություն) իր հերթին մշակում է զբոսաշրջային և ենթակառուցվածքների արդիականացման ռազմավարություն, որը հանդիսանում է MICE ուղղության մրցունակության բարձրացման առանցքային հիմք։ Վարչապետի վերջին տարիների հրապարակային հայտարարությունները ևս հաստատում են MICE ոլորտում ակտիվ դիրքավորման տեսլականն ու պատրաստակամությունը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ MICE ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՆԱՍՅՈՒՆՆԵՐԸ
Կառավարում և համակարգում
Ստեղծել ամուր ինստիտուցիոնալ կառույց՝ Զբոսաշրջության կոմիտեի ներքո, առանձին MICE կառավարման մեխանիզմով՝ որպես ազգային «մեկ պատուհան»՝ հայտերի, մարքեթինգի և միջազգային ներկայություն ապահովելու համար։
Ենթակառուցվածքներ
Կիրառել տվյալահեն գնահատում՝ պահանջարկը սեգմենտավորելով առաջնահերթ ոլորտներով և շուկաներով։ Ստեղծել ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ենթակառուցվածքներ հստակ կառավարման և ֆինանսավորման մոդելներով։
Մուտքի դյուրացում, հմտություններ և կայունություն
Ամրապնդել ավիացիոն ուղղությունները, վիզայի պարզեցումները, զարգացնել մասնագիտական կարողությունները սերտիֆիկացված ծրագրերով և ներդնել կայուն զարգացում՝ զրոյական արտանետումներով ու չափելի ցուցանիշներով։
Շուկայի դիրքավորում և համատեղ հայտեր
Ստեղծել միասնական ազգային MICE բրենդ, ակտիվ ներկայություն ապահովել առաջատար միջազգային ցուցահանդեսներում և կիրառել կառուցվածքային հայտերի մոդելներ։
Մոնիթորինգ
Հետևողականորեն արձանագրել տնտեսական ազդեցությունը, այցելուների գոհունակությունը և միջոցառումների շարունակականությունը՝ երկարաժամկետ հաջողություն ապահովելու նպատակով։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
MICE֊ը պարզապես նոր սրահներ և համալիրներ չեն։ Այն ռազմավարական տնտեսական խթանիչ է՝ հարթակ, որտեղ հանդիպում են գաղափարները, նորարարությունն ու հյուրընկալությունը՝ ապահովելով վստահություն, անվտանգություն, գիտելիքի փոխանակում: Երևանի սրտում կառուցելով MICE ենթակառուցվածք և աշխարհին ընդունելով հայկական հյուրընկալությամբ՝ WTC Երևանը կարող է և պատրաստ է խթանել տնտեսական աճը, առևտուրը, ներդրումները և աշխատատեղերի ստեղծումը։ Հնարավորությունն իրական է, ժամանակը բարենպաստ և համալիր֊կառույցը կառուցվում է։



