Հայաստանի վերջին տարիների տնտեսական պատմությունը կարելի է մեկնաբանել երկու տարբեր տեսանկյուններից։ Առաջինը՝ որպես հաջողության պատմություն․ ռուս-ուկրաինական պատերազմին հաջորդած աշխարհաքաղաքական և տնտեսական ցնցումների ֆոնին Հայաստանը դարձավ տարածաշրջանի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկը՝ գրանցելով ՀՆԱ-ի 12.6% աճ 2022 թվականին և 8.3% աճ՝ 2023 թվականին։
Մյուս կողմից, այս աճը նաև պարունակում է լուրջ մարտահրավերներ, քանի որ այն զգալիորեն պայմանավորված էր ժամանակավոր գործոններով՝ միգրացիոն ներհոսքով, բիզնեսների տեղափոխմամբ, դրամական փոխանցումների աճով և առևտրի վերաուղղորդմամբ։ Այս գործոններ են, որպես կանոն, երկարաժամկետ ազդեցություն չեն ունենում։
Այսօր, երբ տնտեսական աճը աստիճանաբար չափավորվում է, առանցքային հարցն այն է, թե արդյոք Հայաստանը կկարողանա այս անսպասելի տնտեսական հնարավորությունները վերածել կայուն և երկարաժամկետ զարգացման մոդելի։ Հենց այս մարտահրավերն է ընկած Համաշխարհային բանկի «Հայաստան․ երկրի տնտեսական վերջին զարգացումները» (2025թ. աշուն) զեկույցի հիմքում, որը կրում է «Ավելի արդար շուկաներ՝ ներառական աճի համար» խորագիրը։
Վերջին տնտեսական զարգացումները․ վերականգնումից դեպի աճ
Հայաստանը 2020-ական թթ․ մուտք գործեց չափավոր, սակայն կայուն տնտեսական աճի պայմաններում։ 2021թ․՝ համավարակով և տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված ճգնաժամերից հետո, տնտեսությունը սկսեց վերականգնվել, իսկ արդեն 2022 և 2023թթ․ երկիրը գրանցեց բացառիկ բարձր աճի տեմպ։
2022թթ․ տնտեսական աճը հասավ երկնիշ մակարդակի, իսկ 2023թ․ պահպանվեց բարձր ցուցանիշների վրա՝ Հայաստանը դասելով տարածաշրջանի ամենաարագ զարգացող տնտեսությունների շարքում։ Այս արագացումը պայմանավորված էր ինչպես արտաքին տնտեսական գործոններով, այնպես էլ ներքին պահանջարկի և ծառայությունների ոլորտի ակտիվացմամբ։

Ինչո՞ւ Հայաստանի տնտեսական աճը իրական էր, բայց նաև ժամանակավոր
Հայաստանի վերջին տարիների տնտեսական աճը հիմնված էր իրական տնտեսական ակտիվության վրա՝ աճող պահանջարկի, ծառայությունների ոլորտի ընդլայնման, սպառման աճի, ինչպես նաև ֆինանսական և առևտրային հոսքերի զգալի ակտիվացման շնորհիվ։ Ուկրաինական պատերազմից հետո Հայաստանը զգալիորեն շահեց Ռուսաստանից մարդկանց և բիզնեսների ներհոսքից․ երկիր տեղափոխվեցին հազարավոր մասնագետներ և ընկերություններ, հատկապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից։ Միաժամանակ աճեցին դրամական փոխանցումները, իսկ տարածաշրջանային առևտրային վերաուղղորդումները նոր հնարավորություններ ստեղծեցին տնտեսության համար։
Ամենաակնառու ազդեցություններից մեկը միգրացիոն հոսքերն էին, հատկապես Ռուսաստանից ժամանած բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգաղթը։ Նրանց մեծ մասը ներգրավված էր ՏՏ և ծառայությունների ոլորտներում, ինչը խթանեց բնակարանների, ծառայությունների և տեղական ապրանքների պահանջարկը։ Այս գործընթացը ոչ միայն մեծացրեց սպառումը, այլև նպաստեց Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանն ու մարդկային կապիտալի հզորացմանը՝ ձևավորելով կարճաժամկետ, բայց ուժեղ տնտեսական խթան։
Միաժամանակ զգալիորեն աճեցին ֆինանսական ներհոսքերը։ Բանկային ավանդների ծավալն ավելացավ, դրամական փոխանցումները հասան բարձր մակարդակի, իսկ ֆինանսական համակարգի ընդհանուր իրացվելիությունը բարելավվեց։ Այս միտումները նպաստեցին թե՛ սպառման ակտիվացմանը, թե՛ ներդրումային միջավայրի աշխուժացմանը՝ արագացնելով տնտեսական աճը։
Զգալի փոփոխություններ արձանագրվեցին նաև առևտրի ոլորտում։ Հայաստանը վերածվեց տարածաշրջանային առևտրի կարևոր միջնորդի՝ հատկապես վերաարտահանման գործունեության շնորհիվ։ Երկիր ներմուծվող ապրանքները՝ էլեկտրոնիկա, մեքենաներ և տրանսպորտային միջոցներ, վերաարտահանվում էին հարևան շուկաներ։ Սա նոր հնարավորություններ ստեղծեց լոգիստիկայի, առևտրի և բաշխման ոլորտներում գործող ընկերությունների համար և նպաստեց առևտրաշրջանառության կտրուկ աճին։
Այնուամենայնիվ, այս աճի զգալի մասը պայմանավորված էր արտաքին և ժամանակավոր գործոններով, որոնք երկարաժամկետ կայունության երաշխիք չէին։ Հենց այդ պատճառով Հայաստանի առջև այսօր ծառացած հիմնական մարտահրավերն այն է, թե ինչպես վերածել այս բացառիկ հնարավորությունը ավելի կայուն, արտադրողական և ներառական տնտեսական զարգացման մոդելի։

2022թ․ Հայաստանի տնտեսությունն արձանագրվեցին աննախադեպ զարգացումներ։ Զուտ օտարերկրյա ուղղակի ներդրումները հասան ՀՆԱ-ի 4.7%-ին, դրամական փոխանցումները գագաթնակետին մոտեցան՝ կազմելով ՀՆԱ-ի 10.3%-ը, իսկ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը կտրուկ աճեց։ Հայաստանը վերածվեց տարածաշրջանային տնտեսական և առևտրային կարևոր հանգույցի՝ ծառայելով որպես ապրանքների, կապիտալի և բիզնես գործունեության փոխանցման միջանցք խաթարված տարածաշրջանային համակարգի պայմաններում։
Սակայն արտաքին ցնցումներով պայմանավորված՝ աճի նման մոդելը, ըստ էության, դժվար է պահպանել երկարաժամկետ հեռանկարում, հատկապես այն դեպքում, երբ խթանող գործոնները ժամանակի ընթացքում մեղմանում է։ Հենց այս միտումն է արձանագրում Համաշխարհային բանկը իր վերջին գնահատականներում։
Արդեն 2024թ․ տնտեսական աճը սկսեց աստիճանաբար չափավորվել։ ՀՆԱ-ի աճը դանդաղեց՝ հասնելով 5.9%-ի 2024թ․ կանխատեսվող 5.2%-ի՝ 2025թ․ և 4.7%-ի՝ 2027թ․։ Թեև այս ցուցանիշները շարունակում են մնալ բավականին բարձր միջազգային և տարածաշրջանային համատեքստում, դրանք միաժամանակ մատնանշում են կարևոր կառուցվածքային անցում․ Հայաստանը տեղափոխվում է արտաքին գործոններով խթանվող արագ աճի փուլից դեպի մի միջավայր, որտեղ տնտեսական առաջընթացը առավելապես կախված կլինի ներքին արտադրողականությունից, մասնավոր հատվածի մրցունակությունից և տնտեսական ինստիտուտների որակից։
2024–2025․ աստիճանական նորմալացում
2022–2023թթ․ տնտեսական պայմանների մեղմացմանը զուգընթաց Հայաստանի տնտեսությունը մտավ զարգացման նոր փուլ։ Տնտեսական աճը պահպանվեց դրական մակարդակում, սակայն աստիճանաբար չափավորվեց՝ անցնելով ավելի կայուն և հավասարակշռված տեմպերի։ Այս փոփոխությունն արտացոլում է բնական տնտեսական ճշգրտում, քանի որ մարդկանց, կապիտալի և բիզնես գործունեության ժամանակավոր ներհոսքերը սկսեցին կայունանալ։
Դրամական փոխանցումները և ֆինանսական ներհոսքերը վերադարձան ավելի պատմականորեն բնորոշ մակարդակների, իսկ վերաարտահանման ակտիվության արագ աճը զգալիորեն դանդաղեց։ Միևնույն ժամանակ, էական փոփոխություններ տեղի ունեցան գնաճային միջավայրում։ Եթե 2022թ․ գնաճը հասել էր բարձր մակարդակների, ապա հետագա շրջանում այն արագորեն նվազեց, և 2024թ․ տնտեսությունը նույնիսկ ժամանակավորապես մտավ դեֆլյացիոն փուլ։ Այս գործընթացը հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի գների նվազմամբ։
Թեև ցածր գնաճը և գների որոշակի անկումը նպաստեցին տնային տնտեսությունների գնողունակության պահպանմանը, դրանք նաև մատնանշեցին ներքին պահանջարկի ավելի մեղմ դինամիկա և տնտեսական ակտիվության աստիճանական սառեցում։ Այսպիսով, Հայաստանի տնտեսությունը սկսեց անցում կատարել արագացված, արտաքին գործոններով պայմանավորված աճից դեպի ավելի բնական և երկարաժամկետ հավասարակշռության փուլ։

Այնուամենայնիվ, այս տեղաշարժը չի նշանակում, որ Հայաստանը սպառել է իր տնտեսական ներուժն ու ուժեղ կողմերը։ Ծառայությունների ոլորտը շարունակում է պահպանել բարձր ակտիվություն, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաներն ու ֆինանսական ծառայությունները մնում են աճի առանցքային շարժիչներից։ Շինարարության ոլորտը ևս շարունակում է արագ ընդլայնվել՝ խթանելով տնտեսական ակտիվությունը և ներդրումային միջավայրը։
Մասնավոր սպառումը շարունակում է աջակցել տնտեսական աճին, մինչդեռ ներդրումային ակտիվությունն օգնում է մասամբ փոխհատուցել զուտ արտահանման թուլացումը։ Միևնույն ժամանակ, բանկային համակարգը պահպանում է կայունությունը՝ շնորհիվ բարձր կապիտալային բուֆերների և չաշխատող վարկերի ցածր մակարդակի։ 2024թ․ անսովոր ցածր մնալուց հետո գնաճը աստիճանաբար վերադարձավ Կենտրոնական բանկի 3% թիրախային մակարդակին՝ վկայելով մակրոտնտեսական միջավայրի հարաբերական հավասարակշռության մասին։
Ամփոփելով՝ Հայաստանի տնտեսությունը շարունակում է ցուցաբերել դիմակայունություն և հարմարվողականություն արտաքին ու ներքին փոփոխությունների պայմաններում։ Սակայն դիմակայունությունը դեռևս նույնը չէ, ինչ երկարաժամկետ դինամիկ և բարձր արտադրողականությամբ զարգացումը։ Առաջիկա երկու տարիների հիմնական հարցն այն է, թե արդյոք Հայաստանը կկարողանա բարձր աճի փուլից անցում կատարել դեպի բարձր արտադրողականությամբ, մրցունակ և կայուն տնտեսության մոդել։

Իրական սահմանափակումը․ թույլ մրցակցություն և ոչ բավարար դինամիկ մասնավոր հատված
Հենց այստեղ է, որ զեկույցը դառնում է հատկապես կարևոր և ռազմավարական։ Հայաստանի տնտեսական աճի հաջորդ փուլը չի կարող հիմնվել միայն կարճաժամկետ պահանջարկի կամ արտաքին գործոնների վրա։ Այն մեծապես կախված կլինի նրանից, թե արդյոք մասնավոր հատվածը կկարողանա դառնալ ավելի մրցունակ, արդյունավետ բաշխել կապիտալը, խթանել նորարարությունը և հնարավորություն տալ արդյունավետ ընկերություններին աճել ու զարգանալ։
Համաշխարհային բանկի գնահատականներն այս հարցում բավական զգուշավոր են։ Զեկույցը փաստում է, որ աշխատանքի արտադրողականությունը Հայաստանի մի շարք ոլորտներում շարունակում է հետ մնալ տարածաշրջանային մրցակիցներից։ Մասնավոր ներդրումները մնում են համեմատաբար թույլ, որակավորված աշխատուժի պակասը շարունակում է սահմանափակել աճի ներուժը, իսկ տնտեսության որոշ հատվածներում շուկայի բարձր կենտրոնացումը խոչընդոտում է մրցակցության զարգացմանը և դանդաղեցնում արտադրողականության աճը։
Այս խնդիրը հատկապես ակնառու է մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտներում, մասնավորապես՝ սննդամթերքի մանրածախ շուկայում։ Երևանում մի քանի խոշոր ցանցեր գերիշխող դիրք ունեն խանութների ծածկույթի և քաղաքային ներկայության առումով։ Շատ թաղամասերում սուպերմարկետները գործում են առանց անմիջական մրցակցության, ինչը ձևավորում է թույլ մրցակցային միջավայրի տեղային գոտիներ։
Այս իրավիճակը կարևոր հետևանքներ ունի ոչ միայն սպառողների ընտրության, այլև ամբողջ մասնավոր հատվածի զարգացման համար։ Կենտրոնացված մանրածախ շուկաները հաճախ սահմանափակում են փոքր մատակարարների և նոր շուկա մուտք գործող ընկերությունների հնարավորությունները։ Երբ ապրանքների տեղաբաշխման, վճարումների և գնման պայմանների վերահսկողությունը հիմնականում կենտրոնացած է գործող խոշոր խաղացողների ձեռքում, նոր ձևավորվող տեղական բիզնեսների աճի հեռանկարները սահմանափակվում են, իսկ մասնավոր հատվածն ընդհանուր առմամբ դառնում է պակաս դինամիկ և նորարար։

Այս գրաֆիկները ներառում են 2021–2023թթ․ Հայաստանում եկամուտների ամենամեծ բաժին ունեցող 10 ենթաոլորտները: Սննդամթերքի հետ կապված ենթաոլորտների ցուցանիշները ներկայացված են կարմիր գույնով:
Զեկույցը նաև առանձնացնում է մատակարար–վաճառող հարաբերություններում առկա անհավասարակշռությունները, որոնք կարող են սահմանափակել ձեռնարկատիրության զարգացումը և թուլացնել շուկայի դինամիկան։ Փոքր արտադրողները, ինչպես նաև միկրո, փոքր և միջին ձեռնարկությունները հաճախ բախվում են ուշացած վճարումների, ոչ թափանցիկ առևտրային պայմանների, տեղաբաշխման վճարների և ուղղահայաց ինտեգրված խոշոր ցանցերի ավելի ուժեղ բանակցային դիրքի հետ։ Այս պայմաններում շուկա մուտք գործելն ինքնին վերածվում է մրցակցային խոչընդոտի։
Երկարաժամկետ հեռանկարում նման միջավայրը կարող է նվազեցնել ապրանքների բազմազանությունը, թուլացնել ներդրումային խթանները և բարձրացնել սպառողների ծախսերը՝ միաժամանակ դանդաղեցնելով նորարարությունը։ Խնդիրը միայն արդար մրցակցության կամ հավասար հնարավորությունների հարց չէ։ Խնդիրը տնտեսական արդյունավետությունն է։ Տնտեսությունը չի կարող լիարժեք բացահայտել մասնավոր հատվածի ներուժն ու դինամիզմը, եթե չափազանց մեծ առավելություններ կենտրոնացած են գործող խոշոր ընկերությունների սահմանափակ շրջանակի ձեռքում։
Ի՞նչ պետք է անի Հայաստանը հաջորդիվ․ գործնական բարեփոխումների օրակարգ
Եթե Հայաստանը ցանկանում է ապահովել մասնավոր հատվածի ավելի կայուն և որակյալ աճ 2026 և 2027թթ, ապա, ըստ Համաշխարհային բանկի, անհրաժեշտ է իրականացնել հստակ և գործնական բարեփոխումների օրակարգ։
Առաջին առաջնահերթությունը մրցակցության քաղաքականության և դրա կիրառման ուժեղացումն է։ Սա նշանակում է մրցակցության պաշտպանության հանձնաժողովին տրամադրել ավելի մեծ ռեսուրսներ, զարգացած վերլուծական կարողություններ և ժամանակակից թվային գործիքներ։ Ժամանակակից մրցակցային քաղաքականությունը հիմնված է տվյալների վրա՝ գնագոյացման վարքագիծ, շուկայի մասնաբաժիններ, մատակարարների հետ հարաբերություններ և աշխարհագրական կենտրոնացման մակարդակներ։ Սահմանափակ ռեսուրսներով և թույլ մոնիթորինգի պայմաններում կարգավորող մարմինները դժվարությամբ կարող են արդյունավետ վերահսկել ավելի բարդ և կենտրոնացված բիզնես կառուցվածքները։ Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե ձևական, այլ խելացի և տվյալահեն մրցակցային վերահսկողություն։
Երկրորդ կարևոր ուղղությունը մատակարար–մանրածախ հարաբերությունների հավասարակշռումն է։ Զեկույցը մատնանշում է միջազգային փորձը, ներառյալ Եվրոպական միության անարդար առևտրային գործելակերպի վերաբերյալ կանոնակարգերը և մթերային ոլորտի վարքականոնները, որոնք կարող են սահմանափակել չարաշահող առևտրային պրակտիկաները։ Հայաստանը պետք է քննարկի վճարման ժամկետների, տեղաբաշխման վճարների, վերադարձի քաղաքականության և բողոքարկման մեխանիզմների ավելի հստակ կանոնակարգում։ Եթե միկրո, փոքր և միջին ձեռնարկություններից ակնկալվում է դառնալ տնտեսության դիվերսիֆիկացիայի և աշխատատեղերի ստեղծման շարժիչ, ապա նրանց անհրաժեշտ է շուկա մուտք գործելու իրատեսական և արդար հնարավորություն։
Երրորդ առաջնահերթությունը շուկայի թափանցիկության բարձրացումն է։ Մաքսային արժեքների, մեծածախ և մանրածախ գների, ներմուծումների և շուկայական հոսքերի վերաբերյալ ավելի որակյալ և հասանելի տվյալները կարող են օգնել բացահայտել այն ոլորտները, որտեղ գների փոխանցման մեխանիզմները թերի են կամ որտեղ շուկայի կենտրոնացումը խեղաթյուրում է մրցակցությունը։ Թվային գների մոնիթորինգի գործիքները կարող են օգտակար լինել թե՛ քաղաքականություն մշակողների, թե՛ սպառողների համար։ Հատկապես պարենային ապրանքների դեպքում թափանցիկությունն ինքնին դառնում է տնտեսական կայունության և սոցիալական բարեկեցության կարևոր բաղադրիչ։
Չորրորդ ուղղությունը ավելի արդյունավետ և երկարաժամկետ ներդրումների ներգրավումն է։ Հայաստանի վերջին տնտեսական բումը մասամբ քողարկեց հիմնարար օտարերկրյա ուղղակի ներդրումների սահմանափակ մակարդակը և կառուցվածքային խոչընդոտների շարունակականությունը։ Ենթակառուցվածքների որակը, լոգիստիկան, հմտությունների զարգացումը և կարգավորող միջավայրի կանխատեսելիությունը շարունակում են առանցքային նշանակություն ունենալ։ Թեև ՏՏ ոլորտը կմնա Հայաստանի հիմնական առավելություններից մեկը, երկիրը չի կարող երկարաժամկետ աճը կառուցել միայն մեկ ոլորտի վրա։ Ավելի ուժեղ և հավասարակշռված աճի մոդելը պահանջում է բարձր արժեք ստեղծող ծառայությունների զարգացում, ավելի մրցունակ առևտուր, արդյունավետ լոգիստիկ համակարգեր և արտադրողականության աճ տնտեսության ավելի լայն հատվածներում։
Առաջիկա մեկ-երկու տարիների բազային կանխատեսումները շարունակում են մնալ համեմատաբար բարենպաստ տարածաշրջանային չափանիշներով։ Աճը, հավանաբար, կմնա կայուն, գնաճը՝ կառավարելի, իսկ բանկային համակարգը՝ աջակցող։ Միաժամանակ պահպանվում են նաև նոր հնարավորություններ՝ տարածաշրջանային լարվածության նվազում, արտաքին ինտեգրման խորացում և նոր ներդրումային ծրագրերի իրականացում։
Սակայն ռիսկերը շարունակում են էական մնալ։ Աշխարհաքաղաքական անորոշությունը, արտաքին պահանջարկի թուլացումը, առևտրային խափանումները և քաղաքական անորոշությունները կարող են բացասաբար ազդել վստահության և ներդրումային միջավայրի վրա։ Հենց այդ պատճառով կառուցվածքային բարեփոխումները կարևոր են հատկապես հիմա։ Երբ արտաքին և ժամանակավոր եկամուտները նվազում են, տնտեսական ինստիտուտների և շուկաների որակը դառնում է երկրի մրցունակության հիմնական որոշիչը։
Եզրակացություն Հայաստանի հաջորդ փուլի համար
2022թ․ հետո Հայաստանի արձանագրած տնտեսական աճը տպավորիչ էր, սակայն երկրի ամենակարևոր տնտեսական փորձությունը դեռ առջևում է։ Այս աճը ցույց տվեց, որ Հայաստանը կարող է արագ ներգրավել կապիտալ, տաղանդ և նոր հնարավորություններ։ Հաջորդ փուլը ցույց կտա, թե արդյոք երկիրը կկարողանա այդ ձեռքբերումները վերածել ավելի մրցունակ, ներառական և բարձր արտադրողականությամբ տնտեսության։
Դա պահանջում է անցում կատարել ժամանակավոր ներհոսքերի տրամաբանությունից դեպի ավելի խորը և համակարգային շուկայական բարեփոխումներ՝ ուժեղացնելով մրցակցությունը, ձևավորելով ավելի արդար հարաբերություններ մատակարարների և խոշոր խաղացողների միջև, խթանելով արտադրողականությունը և ստեղծելով ներդրումների համար ավելի բարենպաստ պայմաններ։
Աճից հետո Հայաստանին անհրաժեշտ չէ պարզապես կարոտել արտակարգ աճի տարիները։ Հայաստանին անհրաժեշտ է նոր, ավելի կայուն և որակյալ աճի խթան։ Եթե քաղաքականություն մշակողները կարողանան օգտագործել այս պահը մասնավոր հատվածի իրական դինամիզմը բացահայտելու համար, ապա ներկայիս դանդաղումը կարող է վերածվել ոչ թե տեմպի անկման, այլ ավելի առողջ, հավասարակշռված և երկարաժամկետ տնտեսական ընդլայնման սկիզբի։





.png)



