Վերջին տասնամյակում Հայաստանը ձևավորվել է որպես խոստումնալից տեխնոլոգիական հաբ Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում։ Չնայած շուկայի փոքր ծավալին և սահմանափակ ռեսուրսներին՝ հայկական ստարտափներից որոշները կարողացել են հասնել համաշխարհային մասշտաբի հաջողության։ Այդ ընկերությունները ներգրավում են միջազգային ներդրումներ և մրցակցում առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ ամբողջ աշխարհում, իսկ  ծառայություններից օգտվում են միլիոնավոր օգտատերեր:

Picsart, Krisp, Sololearn և Renderforest ընկերությունները ցույց են տալիս, թե ինչպես կարող է հայկական նորարարությունը միջազգային համբավ ձեռք բերել՝ փոքր գաղափարից վերածվելով միջազգային լուշումների, որոնք օգտագործվում են տարբեր մայրցամաքներում։ Այս ընկերություններից շատերը շարունակում են պահել իրենց հետազոտական և զարգացման (R&D) թիմերը Երևանում՝ միաժամանակ գրասենյակներ ունենալով համաշխարհային տեխնոլոգիական հանգույցներում, օրինակ՝ Սիլիկոնյան հովտում։ Այս հիբրիդային մոդելը նրանց հնարավորություն է տալիս հասանելի լինել միջազգային շուկաներին՝ միաժամանակ շարունակելով տեխնոլոգիաներ ստեղծել հայրենիքում։

Այս ընկերությունները ոչ միայն հասել են համաշխարհային հաջողության և ստեղծել միլիարդավոր դոլարների տնտեսական ազդեցություն, այլև նպաստել են Հայաստանի դիրքավորմանը որպես տեխնոլոգիաների և նորարարության զարգացող կենտրոն։

Crunchbase-ի կողմից ներկայացված հետազոտությունների համաձայն՝ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը գնալով ավելի մեծ ճանաչում է ստանում իր ուժեղ ինժեներական տաղանդի, deep-tech կարողությունների և գլոբալ մտածողության շնորհիվ։ Այս ընկերությունները ներկայացնում են ձեռներեցների նոր սերունդ, որը ունի գլոբալ մտածողություն գործունեության առաջին իսկ օրվանից։

Հայկական ընկերություններ, որոնք հաջողությամբ դուրս եկան համաշխարհային շուկա

Picsart

Ներկայիս գնահատված արժեքը՝ մոտ 1.5 միլիարդ դոլար
150 միլիոն ակտիվ օգտատեր, 2 միլիարդ ներբեռնում

Picsart-ի գաղափարը ծնվել է անձնական պատմությունից։ Հիմնադիր Հովհաննես Ավոյանը նկատել էր, թե ինչպես էր իր տասը տարեկան դուստրը տխրել այն բանից հետո, երբ համադասարանցիները ծաղրել էին նրա ստեղծագործությունը՝ զրկելով նրան ինքնարտահայտման հնարավորությունից։ Ոգեշնչվելով այդ պահից՝ նա 2011թ․հայ գործարարներ Արտավազդ Մեհրաբյանի և Միքայել Վարդանյանի հետ համահիմնադրեց Picsart-ը։ Նրանք ստեղծեցին լուսանկարների և տեսանյութերի մշակման համապարփակ հարթակ, որը ազատություն տվեց միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում կառուցել կրեատիվ բովանդակություն։ Այսօր Picsart-ը Հայաստանի առաջին «յունիքորն» ընկերությունն է՝ ավելի քան 150 միլիոն ամսական ակտիվ օգտատերերով և ավելի քան 2 միլիարդ ներբեռնումներով։

Picsart-ի հաջողության հիմնական գործոնները

  • Փորձարարական մոտեցում. մինչև հաջող գաղափարին հասնելը թիմը փորձարկել է մոտ 300 տարբեր հավելված՝ հասկանալու համար օգտատերերի կարիքները, իսկ առաջին Android հավելվածը թողարկել է 2011թ․։
  • Խմբագրումից դեպի համայնք. սկզբում որպես պարզ լուսանկարների խմբագրման հավելված ստեղծված Picsart-ը արագ վերածվեց ստեղծարար սոցիալական հարթակի։ Օգտատերերը ոչ միայն խմբագրում էին պատկերները, այլև կիսվում էին դրանցով, համագործակցում և վերամշակում բովանդակությունը՝ ստեղծելով TikTok-ին նման համայնքային միջավայր։
  • Ստեղծարար մշակույթ. ստեղծարարությունը խորապես արմատավորված է ընկերության մշակույթում։ Նույնիսկ ինժեներներն են խնդիրներին մոտենում ստեղծարար ձևով՝ պահպանելով ուշադրությունը օգտատերերի կարիքների և շուկայի պահանջարկի նկատմամբ։
  • Դիմացկունություն և կիրք. ընկերության ճանապարհը պահանջել է հաստատակամություն, համարձակ գաղափարներ և նորարարության նկատմամբ մեծ նվիրվածություն։

Picsart-ի հիմնական տարբերակիչ առանձնահատկությունը մրցակցային խմբագրման ծրագրերի շուկայում հասանելիությունն ու համայնքային մոտեցումն է։ Օգտատերերին անհրաժեշտ չէ մասնագիտական դիզայներական փորձ՝ բարձրորակ վիզուալ բովանդակություն ստեղծելու համար։

Picsart-ի հաջողությունը կարևոր հանգրվան դարձավ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի համար։ Crunchbase-ի գնահատմամբ՝ Հայաստանի զարգացող deep-tech էկոհամակարգը մեծապես շահել է այն փաստից, որ Picsart-ի նման ընկերությունները ապացուցել են՝ Երևանից հնարավոր է կառուցել համաշխարհային հարթակներ։

Բացի արտադրանքի հաջողությունից, ընկերությունը նպաստել է նաև Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական կենտրոնի ճանաչմանը։ Պահպանելով զարգացման թիմերը Հայաստանում՝ Picsart-ը նաև աջակցել է գիտելիքների փոխանցմանը և ստարտափ մշակույթի ձևավորմանը երկրում։

Krisp

Վերջին հրապարակային գնահատումը՝ 114 միլիոն դոլար (2021)
Ապահովում է ձայնի մշակումը ավելի քան 200 միլիոն սարքերում

Krisp-ը Հայաստանի ամենատպավորիչ deep-tech հաջողության պատմություններից մեկն է։ Այն հիմնադրվել է 2017թ․ հայ ձեռներեցներ Դավիթ Բաղդասարյանի և Արտավազդ Մինասյանի կողմից։ Ընկերությունը մշակել է արհեստական բանականությամբ աշխատող աղմուկի չեզոքացման հարթակ, որը հեռացնում է ֆոնային ձայները իրական ժամանակում ձայնային զանգերի ընթացքում։

Krisp-ը հաջողությամբ օգտվեց հեռավար աշխատանքի բումից՝ ապահովելով աղմուկից զերծ հաղորդակցություն վիրտուալ հանդիպումների աճի պայմաններում։

Krisp-ի առանձնահատկությունը նրա հիմքում ընկած տեխնոլոգիայի բարդությունն է։ EVN Report-ի տվյալներով՝ ընկերության ալգորիթմը օգտագործում է խորը նեյրոնային ցանցեր՝ մարդու խոսքը մեկուսացնելու և անցանկալի աղմուկը ֆիլտրելու համար։ Այս տեխնոլոգիան Krisp-ին դասում է ձայնային արհեստական բանականության ոլորտի առաջատար ընկերությունների շարքում։

Krisp-ի հաջողության հիմնական գործոնները

  • Արտադրանքին ուղղված աճի մոդել. Freemium մոտեցումը հնարավորություն տվեց միլիոնավոր անհատ օգտատերերի փորձարկել լուծումը, այնուհետև  շատերը հետագայում այն ներմուծեցին իրենց աշխատավայրեր՝ խթանելով կորպորատիվ ընդունումը։
  • Ռազմավարական ընդլայնում դեպի B2B. Krisp-ը հաջողությամբ վերափոխվեց սպառողական գործիքից դեպի բիզնես հարթակ՝ առաջարկելով «աղմուկի չեզոքացում որպես ծառայություն» (noise-cancellation-as-a-service) կոնտակտ կենտրոններին, ֆինանսական հաստատություններին և միջազգային կորպորացիաներին։
  • Նոր հնարավորություններ. Krisp 2.0-ի հետ ներդրվեցին առաջադեմ AI հնարավորություններ, ներառյալ իրական ժամանակում խոսքի շեշտադրության փոխակերպումը և խոսքից տեքստ մշակումը, որը ամփոփում է զրույցը և առաջարկում կիրառելի վերլուծություններ։
  • Տվյալների անվտանգություն. բոլոր ձայնային մշակումները կատարվում են օգտատիրոջ սարքում, այլ ոչ թե ամպային միջավայրում, ինչը կարևոր առավելություն է ձեռնարկությունների համար։

Ընկերությունը նաև ներկայացնում է հայկական ստարտափների տարածված մոդելը․ հիմնական ինժեներական աշխատանքները կատարվում են Երևանում, մինչդեռ միջազգային գործընկերությունները և շուկայի ընդլայնումը ղեկավարվում են արտասահմանյան գրասենյակներից։

Այսօր Krisp-ը սպասարկում է ավելի քան 1,500 կորպորատիվ հաճախորդի ԱՄՆ-ում և այլ երկրներում։ Ընկերության տեխնոլոգիական ձեռքբերումները արժանացել են համաշխարհային ճանաչման, ներառյալ Forbes-ի, Time-ի և Webby Awards-ի մրցանակները։

Sololearn

Ընդհանուր ներդրումներ՝ 30.9 միլիոն դոլար
21 միլիոն գրանցված օգտատեր

Sololearn-ը ևս մեկ հայկական ստարտափ է, որը կարողացել է հասնել համաշխարհային լսարանի։ Այն հիմնադրվել է 2014թ․ Դավիթ Քոչարյանի և Եվա Հյուսյանի կողմից։ Ընկերությունը ստեղծել է mobile-first հարթակ, որը ծրագրավորում է սովորեցնում ինտերակտիվ դասերի և համայնքային ուսուցման միջոցով։

Sololearn-ի գաղափարը պարզ էր և ազդեցիկ․ ծրագրավորման կրթությունը հասանելի դարձնել յուրաքանչյուրին, ով ունի սմարթֆոն։ Օգտատերերը կարող են սովորել Python, JavaScript, C++ և այլ լեզուներ՝ կարճ դասերի, թեստերի և փոխադարձ համագործակցության միջոցով։

Հարթակը շատ արագ գրավեց միլիոնավոր օգտատերերի ամբողջ աշխարհում։ Նրա հաջողությունը հիմնված է հասանելիության, համայնքային ներգրավվածության և խաղայնացված ուսուցման վրա։ Ավանդական դասարանային կառուցվածքների փոխարեն Sololearn-ը թույլ է տալիս սովորել սեփական տեմպով։

Sololearn-ի հաջողության հիմնական գործոնները

  • Mobile-first ուսուցում. կարճ և ինտերակտիվ դասերը հատուկ ստեղծվել են սմարթֆոնների համար։
  • Արագ զարգացում. ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրենի խոսքով գործարկումից ընդամենը երեք ամիս անց հավելվածը ուներ 100,000 ներբեռնում։
  • Համայնքային մոտեցում. օգտատերերը ոչ միայն սովորում են, այլև կիսվում են կոդով, քննարկում խնդիրներ և աջակցում միմյանց։
  • Խաղայնացում. միավորները, մարտահրավերները և վարկանիշային աղյուսակները բարձրացնում են ներգրավվածությունը։
  • Freemium մոդել. բարձրորակ դասընթացների մեծ մասը հասանելի է անվճար, ինչը թույլ տվեց ձևավորել լայն օգտատերերի բազա մինչև Sololearn Pro-ի մոնետիզացիան։
  • Փորձառու խորհրդատուներ. ընկերությունը ներգրավեց մասնագետների, որոնք օգնեցին օգտատերերի ներգրավման և պահպանման ռազմավարությունների մշակման գործում։
  • Տվյալահեն աճ. թիմը հիմնվում էր փորձարարության և գիտական մեթոդաբանությունների վրա՝ հասկանալու օգտատերերի վարքագիծը և զարգացնելու հարթակը։

Renderforest

Տարեկան եկամուտ՝ ավելի քան 10 միլիոն դոլար
33 միլիոն գրանցված օգտատեր ավելի քան 190 երկրներում

Renderforest-ը հիմնադրվել է 2013թ․ հայ ձեռներեց Նարեկ Սաֆարյանի կողմից՝ լուծելու փոքր բիզնեսների, ֆրիլանսերների և բովանդակություն ստեղծողների կարևոր խնդիրներից մեկը։ Այն ժամանակ պրոֆեսիոնալ վիզուալ բովանդակության ստեղծման գործիքները հաճախ թանկ էին, բարդ կամ պահանջում էին տեխնիկական գիտելիքներ։ Renderforest-ը առաջարկեց ամպային, «ամեն ինչ մեկում» ստեղծարար հարթակ, որը զգալիորեն նվազեցրեց թվային բովանդակության ստեղծման խոչընդոտները։

Renderforest-ը ստեղծեց ամպային ստեղծարար հարթակ՝ ուղղված բիզնեսներին, մարքեթոլոգներին և ձեռներեցներին։ Նրա մրցակցային առավելությունը պարզությունն ու արագությունն են։ Փոքր բիզնեսները կարող են ստեղծել պրոֆեսիոնալ մարքեթինգային բովանդակություն՝ առանց դիզայներներ կամ վիդեոմոնտաժողներ վարձելու։

Renderforest-ի հաջողության հիմնական գործոնները

  • Իրական բիզնես խնդրի լուծում. պարզ ստեղծարար գործիքներ բոլորի համար։
  • Cloud-first և SaaS մոտեցում. ընկերությունը վաղ փուլում ընտրեց ծրագրային ապահովումը որպես ծառայություն (SaaS) մոդելը՝ ստեղծելով ցանկացած բրաուզերից հասանելի վեբ հարթակ։
  • Արտադրանքի շարունակական ընդլայնում. Renderforest-ը զարգացավ պարզ տեսանյութային ձևանմուշներից մինչև բազմապրոդուկտային ստեղծարար էկոհամակարգ։
  • Հասանելիություն և պրոֆեսիոնալ արդյունք. Ընկերությունը հաջողությամբ համադրեց օգտագործման պարզությունն ու բարձրորակ արդյունքները՝ առաջարկելով. drag-and-drop ինտերֆեյս, բարձրորակ ձևանմուշներ, ամպային ռենդերինգ, բազմաֆորմատ արտահանումներ
  • Գլոբալ բաշխում և տեղայնացում. անգլերեն ինտերֆեյս և մարքեթինգ, բազմալեզու աջակցություն, տարբեր տարածաշրջանների համար հասանելի գնային պլաններ, թիրախավորում փոքր բիզնեսների՝ որպես համընդհանուր շուկայի:
  • Մարդակենտրոն մշակույթ. աշխատակիցները հաճախ նշում են, որ մարդկանց վրա կենտրոնացած մշակույթը կարևոր դեր է խաղում նորարարության և տաղանդների պահպանման գործում։

Եզրակացություններ․ ինչ արեցին այս ընկերությունները ճիշտ

Չնայած տարբեր ոլորտներում գործունեությանը՝ այս ընկերությունները կիսում են մի շարք ռազմավարական մոտեցումներ, որոնք նպաստեցին նրանց գլոբալ հաջողությանը։

1. Գլոբալ մտածողություն առաջին օրվանից

Բոլոր չորս ընկերությունները ի սկզբանե նախագծվել են միջազգային շուկաներ սպասարկելու նպատակով։ Picsart-ը հանրամատչելի դարձրեց ստեղծարար գործիքները, Krisp-ը լուծումներ առաջարկեց հեռավար աշխատողներին, Sololearn-ը կրթում է գլոբալ սովորողներին, Renderforest-ը տրամադրում է ամպային ստեղծարար լուծումներ․․․ և նրանք բոլորն առաջնահերթություն էին տալիս մասշտաբայնությանը։

2. Արագ հարմարվողականություն և շարունակական նորարարություն

Այս ընկերությունները մշտապես զարգացրել են իրենց ծառայությունները և լուծումները՝ համաշխարհային միտումներից առաջ մնալու համար։

  • Picsart-ը լուսանկարների խմբագրիչից վերածվեց սոցիալական ստեղծարար հարթակի։
  • Krisp-ը ավելացրեց ձեռնարկատիրական գործառույթներ, ինչպիսիք են խոսքի փոխակերպումը և վիրտուալ օգնականները։
  • Sololearn-ը զարգացրեց օգտատերերի կողմից ստեղծվող բովանդակության և խաղայնացման մեխանիզմները՝ դառնալով համապարփակ ՏՏ ուսուցման հարթակ։
  • Renderforest-ը զարգացավ պարզ տեսանյութային հարթակից մինչև բազմապրոդուկտ ստեղծարար էկոհամակարգ։

Փորձարարության և շուկայի պահանջներին արագ արձագանքելու մշակույթը նրանց հնարավորություն տվեց հաջողությամբ ընդլայնվել և պահպանել մրցունակությունը միջազգային շուկաներում։

3. Օգտատերակենտրոն և հասանելի լուծումներ

Յուրաքանչյուր ընկերություն կենտրոնացել է այնպիսի լուծումների ստեղծման վրա, որոնք թեև հեշտ են օգտագործման համար, բայց ապահովում են պրոֆեսիոնալ արժեք։ Անկախ նրանից՝ խոսքը ինտուիտիվ լուսանկարների խմբագրման, AI-ով աշխատող աղմուկի չեզոքացման, խաղայնացված ծրագրավորման ուսուցման կամ drag-and-drop ստեղծարար գործիքների մասին է, նրանք նվազեցրել են նոր շուկաներ մուտք գործելու խոչընդոտները և իրենց լուծումները հասանելի դարձրել լայն լսարանի համար։

Օգտագործելիության, արժեքի և համայնքային ներգրավվածության այս համադրությունն էլ ապահովեց օգտատերերի սերը, հավատարմություն և, ի վերջո, համաշխարհային աճը: