Շինարարությունը փոփոխվում է։ Տարիներ շարունակ անշարժ գույքի ոլորտում հաջողությունը չափվում էր շինության մեծությամբ, կառուցման արագությամբ և ներդրումների եկամտաբերությամբ։ Այսօր հարցերի շարքն ընդլայնվել և բարդացել է։ Որքա՞ն ածխածին է արտադրում շենքը։ Որքա՞ն էներգիա կօգտագործի այն ժամանակի ընթացքում։ Արդյո՞ք այն կնպաստի առողջությանը, հարմարավետությանը և կայունությանը։ Եվ կարո՞ղ է խոշոր կառույցը բարելավել քաղաքային միջավայրը, այլ ոչ թե պարզապես զբաղեցնել այն։

Կայուն շինարարությունը դարձել է ներդրողների, բնակիչների, կառավարությունների և համայնքների կարևոր ակնկալիքներից մեկը:

Կայուն շինարարությանն առնչվող հարցերը հրատապ են: Deloitte-ի տվյալներով կառուցապատված միջավայրը պատասխանատու է տարեկան ածխածնի համախառն արտանետումների 39%-ի համար, երբ հաշվի ենք առնում թե՛ շահագործման, թե՛ ներդրված ածխածինը: Կանաչ շինարարության համաշխարհային խորհուրդը նաև նշում է, որ շենքերը պատասխանատու են էներգիայի հետ կապված համաշխարհային ածխածնի արտանետումների 39%-ի համար, ներառյալ 28% շահագործումից և 11% նյութերից ու շինարարությունից:

Ամփոփելով՝ այն, թե ինչպես ենք կառուցապատում, այլևս անբաժանելի է կլիմայի հարցից:

Ահա թե որտեղ է կանաչ շինարարության գաղափարը դառնում առանձնապես արդիական: Կանաչ շենքը պարզապես նախագիծ չէ՝ ավելի շատ բույսերով կամ ավելի լավ մեկուսացմամբ: Այն շենք է, որը նախագծվում և շահագործվում է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը նվազեցնելու, արդյունավետությունը բարձրացնելու և օգտագործողների համար ավելի լավ պայմաններ ստեղծելու համար: Լավ իրականացվելու դեպքում, այն նաև արդյունավետ է գործարար տեսանկյունից․ կանաչ շենքերը կարող են նվազեցնել շահագործման ծախսերը, նպաստել արժեքի աճին, նվազեցնել կարգավորող ռիսկերը և օգնել կառուցապատողներին ապահովել իրենց ապագա նախագծերի հաջողությունն արագ փոփոխվող շուկայում:

Համաձայն «2021թ․ Կանաչ շինարարության համաշխարհային միտումները» զեկույցի՝ նոր կանաչ շենքերի համար առաջին 12 ամիսների շահագործման ծախսերի միջին խնայողությունը կազմել է 10.5%, հինգ տարվա կտրվածքով՝ 16.9%, իսկ սեփականատերերի և ներդրողների կողմից հաղորդվել է ակտիվների արժեքի մոտավորապես 9%:

Կանաչ շինարարության հիմնական սկզբունքները

Կայուն շինարարության վերաբերյալ ցանկացած լուրջ զրույցից առաջ ցանկալի է վերադառնալ հիմունքներին: Կանաչ շինարարության ամենաարդյունավետ ռազմավարությունները հակված են հետևելու մի քանի հիմնական սկզբունքների.

1. Էներգաարդյունավետություն

Շատ հաճախ էներգաարդյունավետությունը սկզբնակետն է։ Շենքերի որակյալ բլոկերը, խելացի ֆասադային լուծումները, արդյունավետ HVAC (ջեռուցման, սառեցման, օդափոխության և օդորակման) համակարգերը, լուսավորության կառավարման համակարգերը և վերականգնվող էներգիայի լուծումները օգնում են նվազեցնել շահագործման համար անհրաժեշտ էներգիայի օգտագործումը և արտանետումները։ Սա կայուն նախագծման առավել հաստատված և չափելի սկզբունքներից մեկն է։

2. Ցածր ածխածնային և պատասխանատու նյութեր

Շենքի պատմությունը սկսվում է շահագործումից շատ ավելի վաղ։ Ցեմենտը, երկաթը, տրանսպորտային և շինարարական գործընթացները ներառում են ածխածնային արտանետումներ։ Կանաչ շինարարությունը հետևողականորեն ուսումնասիրում է նյութերի ընտրությունը, վերամշակող նյութերը, տեղական աղբյուրները, շրջանառության և նախագծման ռազմավարությունները, որոնք ի սկզբանե նվազեցնում են թափոնների քանակը։

3. Ջրային ռեսուրսների կառավարում

Ջրախնայող սարքավորումները, խելացի ջրաչափերը, անձրևաջրերի հավաքումը և արտահոսքերի հայտնաբերումը շատ ավելի կարևոր են կլիմայական տեսանկյունից: Ջուրը այլևս երկրորդական խնդիր չէ: Շատ շուկաներում այն ​​ձեռք է բերում ռազմավարական նշանակություն:

4. Ներքին միջավայրի որակ

Մարդիկ շենքերին ծանոթանում են ներսից։ Օդի որակը, ցերեկային լույսը, ջերմային հարմարավետությունը, ակուստիկան և ցածր թունավորության նյութերը անմիջականորեն ազդում են կենտրոնացման, տրամադրության և առողջության վրա։ Ահա թե ինչու կայունությունն ու բարեկեցությունն այժմ ավելի ու ավելի համընթաց են շարժվում։

5. Կայունություն ու կլիմայական հարմարվողականություն

Շենքը պետք է արդյունավետ լինի ոչ միայն իդեալական պայմաններում, այլ նաև ճնշման տակ։ Ջերմային ալիքները, սեյսմիկ ռիսկը, ռեսուրսների սղությունը և ծայրահեղ եղանակային պայմանները կառուցապատողներին դրդում են նախագծելիս հաշվի առնել կայունությունն ու հարմարվողականությունը։

6. Կենսաբազմազանություն, շարժունակություն և քաղաքային ինտեգրացիա

Լավագույն նախագծված շենքերը չեն սահմանափակվում իրենց իսկ եզրագծերով։ Դրանք հաշվի են առնում կանաչ ենթակառուցվածքները, ստվերառատ բացօթյա տարածքները, տեղաշարժի հասանելիությունը, հետիոտնի հարմարավետությունը և ավելի մեծ քաղաքային էկոհամակարգը։ Այլ կերպ ասած, դրանք նպաստում են քաղաքային կյանքին, այլ ոչ թե առանձնանում։

Այս սկզբունքները բերում են զգալի առավելություններ: Կանաչ շենքերը կարող են կրճատել շահագործման ծախսերը, բավարարել վարձակալների պահանջարկը, բարելավել արտադրողականությունը, ամրապնդել ESG կատարողականը և ավելի լավ հարմարվել ապագա կարգավորումներին: Դրանք նաև արձագանքում են սոցիալական փոփոխություններին: Ըստ Dodge-ի զեկույցի՝ բնակիչների առողջության և բարեկեցության բարելավումը կանաչ շենքեր կառուցելու հիմնական պատճառներից մեկն է:

 

LEED, BREEAM և WELL միջազգային հավաստագրեր

Միջազգային հավաստագրերը կարևոր են, քանի որ դրանք հավակնությունները դարձնում են չափելի և օգնում են շուկաներին օբյեկտիվորեն համադրել նախագծերը։

  • LEED֊ը աշխարհում կանաչ շենքերի գնահատման ամենատարածված համակարգն է: Այն առաջարկում է ամբողջական շրջանակ՝ էներգիա, ջուր, նյութեր, թափոններ և շենքի ներքին միջավայրի որակ: Գործնականում LEED-ը հաճախ օգտագործվում է ցույց տալու համար, որ նախագիծը համապատասխանում է կայունության չափանիշներին՝ նախագծումից մինչև կառուցապատում և շահագործում:
  • BREEAM-ը կայունության գնահատման ամենավաղ և ամենալայն կիրառում ունեցող մեթոդներից մեկն է, որը ենթադրում է շինության ողջ ցիկլի նախագծում, կիրառում, ESG համապատասխանություն, կենսաբազմազանություն և հաշվետվողականութուն: Այն հաճախ գնահատվում է ներդրողների և նախագծերի սեփականատերերի կողմից, ովքեր ցանկանում են ուժեղ չափորոշիչներ և երրորդ կողմի երաշխիք՝ շինության կյանքի ողջ ընթացքում:
  • WELL-ը կենտրոնանում է անմիջապես մարդկանց վրա: Այն ապացույցների վրա հիմնված շրջանակ է՝ միտված մարդու առողջությանը և բարեկեցությանը` կառուցված միջավայրի միջոցով: Մինչ LEED-ը և BREEAM-ը մեծ ուշադրություն են դարձնում շրջակա միջավայրի կատարողականին, WELL-ը անդրադառնում է նրան, թե ինչպես են շենքերն ազդում առողջության,հարմարավետության և փորձառության վրա:

Պարզ ասած՝ LEED-ը գնահատում է, թե արդյոք շենքը նախագծվում և շահագործվում է կայուն սկզբունքներով, BREEAM-ը՝ որքան արդյունավետ է ակտիվը գործում իր ողջ կյանքի ցիկլի ընթացքում և ESG համատեքստում, իսկ WELL-ը՝ արդյոք տարածքը նպատակային կերպով նպաստում է մարդկանց բարեկեցությանը։ Ամենահավակնոտ նախագծերը այս հավաստագրերը չեն դիտարկում որպես միմյանց մրցակիցներ, այլ՝ որպես փոխլրացնող համակարգեր:

 

Համաշխարհային շուկայի միտումները

Միջազգային միտումները ցույց են տալիս, որ կանաչ շինարարությունը առաջատար դիրքից փոխակերպվում է շուկայական նորմի: Համաձայն «Շենքերի և կառուցապատման 2024/2025թ․ համաշխարհային կարգավիճակի մասին զեկույցի»՝  Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) երկրներում նոր կոմերցիոն շենքերի 20%-ը 2023թ․ ստացել է կանաչ հավաստագրում 2020թ․ 15%-ի համեմատ: Սա նշանակալի տեղաշարժ է ընդամենը երեք տարվա ընթացքում:

Նույն զեկույցը նաև ցույց է տալիս, որ ոլորտը դեռևս ճնշման տակ է։ Շենքերն ու շինարարությունը 2023թ․ պատասխանատու էին համաշխարհային էներգիայի պահանջարկի 34%-ի և համաշխարհային էներգիայի հետ կապված CO2 արտանետումների 34%-ի համար։ Երկաթի և ցեմենտի պես նյութերից ձևավորված ածխածինը շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր։ Միևնույն ժամանակ 2023թ․ շինարարությանն ուղղված համաշխարհային ներդրումների միայն 4%֊ն է ուղղվել կանաչ նախաձեռնություններին։ Այսպիսով՝ առաջընթացը տեսանելի է, բայց այն դեռևս բավարար չէ։

Առաջ նայելով՝ ոլորտը կենտրոնանում է մի քանի առաջնահերթությունների վրա․ զրոյական արտաներումներ, ածխածնի արտանետումների նվազեցում, ճկուն նախագծում, առկա պաշարների արդիականացում, շրջանաձև կառույցներ և ավելի լավ տվյալներ: «2021 թ․ կանաչ շինարարության համաշխարհային միտումներ» ուսումնասիրությունը պարզել է, որ հաջորդ հինգ տարիների համար ամենակարևոր մոտեցումներն են զրոյական էներգասպառմամբ կամ դրական զրոյական էներգասպառմամբ շենքերը, ածխածնի արտանետումների վերահսկումը, կայունության ռազմավարությունները, պասիվ նախագծումը և նախապատրաստական ​​աշխատանքները: UNEP-ը և Global ABC-ն հավելում են, որ շինարարական կանոնակարգերը, ցածր ածխածնային նյութերը, ֆինանսավորումը և արդիականացման մասշտաբը որոշիչ կլինեն հաջորդ տասնամյակի համար:

Կանաչ տաքսոնոմիայի զարգացումը Հայաստանում

Վերջերս Հայաստանը նշանակալի քայլ է կատարել կայուն շինարարության և կանաչ ներդրումների առաջխաղացման ուղղությամբ՝ ազգային կանաչ տաքսոնոմիայի մշակման միջոցով: Էկոնոմիկայի նախարարության գլխավորությամբ Համաշխարհային բանկի խմբի և Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համագործակցությամբ այս նախաձեռնությունը նպատակ ունի ստեղծել հստակ քաղաքականություն և իրավական շրջանակ՝ շրջակա միջավայրի համար կայուն նախագծերի նույնականացման և ֆինանսավորման նպատակով: Տաքսոնոմիան կբարելավի կլիմայական ֆինանսավորման հասանելիությունը, կբարձրացնի թափանցիկությունը և կհամապատասխանեցնի Հայաստանը ԵՄ-ում և այլ շուկաներում առկա միջազգային լավագույն փորձին:

Այս զարգացումը երկիրը դիրքավորում է որպես նոր ուղղություն կայուն ներդրումների մասով և աջակցում է վերջինիս ավելի լայն անցմանը դեպի կանաչ տնտեսություն:

Ինչո՞ւ է Համաշխարհայնի առևտրի կենտրոն Երևանը կարևոր Հայաստանի համար

Ինչպե՞ս կարող է առևտրի և ներդրումների գլոբալ հաբը ավելին անել, քան պարզապես կատարելագործել իր գործունեությունը: Ինչպե՞ս կարող է այն առաջնորդել։ Կարո՞ղ է նշանակալի կառույցը ոչ միայն նվազեցնել իր ազդեցությունը շրջակա միաջավայրի վրա, այլև ակտիվորեն վերականգնել էկոհամակարգերը, բարելավել կյանքի որակը և սահմանել պատասխանատու աճի նոր չափանիշներ։

Համաշխարհային առևտրի կենտրոն Երևանի շինությունը նպատակ ունի դառնալ կանաչ տաքսոնոմիայի սկզբունքների կիրառման առաջատարը Հայաստանի շինարարական ոլորտում՝ հետամուտ լինելով զրոյական արտանետումների սկզբունքին, A դասի ստանդարտներին և միջազգայնորեն ճանաչված LEED և WELL հավաստագրերին։

Համաշխարհային առևտրի կենտրոն Երևանում այս հարցերը ձևավորում են համարձակ տեսլական՝ ապագա, որտեղ նորարարությունը, կայունությունը և մարդակենտրոն դիզայնը միավորվում են՝ ստեղծելով երկարատև ազդեցություն: Այստեղ կայունությունը առանձնահատկություն չէ, այլ պարտավորություն:

Այս նախագիծը միավորում է երեք առաջնահերթություններ, որոնք հազվադեպ են համընկնում. մրցունակություն, կայունություն և մարդկային բարեկեցություն: Արդյունքում ստացվում է զարգացման մոդել, որը գլոբալ առումով արդիական է, կլիմայական առումով՝ գիտակցված և խորապես մարդակենտրոն:

Նախագծված լինելով կայունության ստանդարտներով՝ Համաշխարհային առևտրի կենտրոն Երևանի շինությունը հարմարեցված է Հայաստանի կլիմային: Այն ենթադրում է խելացի և արդյունավետ լուծումներ՝ բնական միջոցներով ստվերային միջավայրի ձևավորում, բարձր արդյունավետության շինություն, բնական օդափոխություն և էներգիայի օպտիմալացում: Յուրաքանչյուր տարր կանխամտածված է: Յուրաքանչյուր որոշում նվազեցնում է բացասական ազդեցությունը՝ միաժամանակ բարձրացնելով հարմարավետությունը:

Կայունությունը չի սահմանաձակվում միայն շինությամբ: Բնական լանդշաֆտները, ջրաարդյունավետ համակարգերը և կենսաբազմազանությունը ստեղծում են մի շինություն, որն աշխատում է բնության հետ, այլ ոչ դրա դեմ:

Ներսում կայունության լուծումները կենտրոնանում են մարդկանց վրա: Բնական լույսով տարածքները, կանաչ տեռասները և կենսաֆիլային դիզայնը նպաստում են առողջությանը, արտադրողականությանը և բարեկեցությանը՝ աշխատավայրը վերածելով էներգիայով լի և կայուն միջավայրի:

Քանի որ Հայաստանը առաջընթաց է գրանցում մինչև 2030թ․ ջերմոցային գազերի արտանետումները 40%-ով կրճատելու իր նպատակին հասնելու գործում՝ Համաշխարհային առևտրի կենտրոն Երևանի խորհրդանշական շինությունը համահունչ է ազգային առաջնահերթություններին և սահմանում է պատասխանատու քաղաքային զարգացման նոր չափանիշ։

Սա ավելին է քան նախագիծը

Դա սպասումների փոփոխություն է դեպի ավելի խելացի, առողջ և կայուն քաղաք: Եվ դրա ազդեցությունը կարող է տարածվել շինության սահմաններից դուրս: