Երբ մտաբերում եք ձեր սիրելի բրենդը, ի՞նչն է առաջինը գալիս ձեր միտքը։ Հաճախ դա միայն ապրանքը կամ ծառայությունը չէ, այլ զգացողությունն է, որը ստեղծում է տվյալ բրենդը՝ վստահություն, կապ և ոգեշնչում։ Սա է բրենդինգի իրական ուժը։

Փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար բրենդինգն ավելի կարևոր է։ Այն հնարավորություն է տալիս հստակ ներկայացնել բրենդի պատմությունը, տարբերվել մրցակցային շուկայում և կառուցել երկարաժամկետ ու վստահելի հարաբերություններ հաճախորդների հետ։

Այս հոդվածում կքննարկենք, թե ինչու է անհրաժեշտ կառուցել բրենդի ինքնությունը։ Կխոսենք, թե ինչ է բրենդինգը, ինչու է այն կարևոր հատկապես միջազգային շուկա դուրս եկող հայկական ընկերությունների համար, և կներկայացնենք գործնական քայլեր, որոնք թույլ կտան կառուցել բրենդի ինքնություն նույնիսկ սահմանափակ բյուջեով։
Դուք կսովորեք՝ ինչպես քայլ առ քայլ մոտենալ բրենդի ձևավորմանը, երբ համագործակցել մասնագետների հետ և ինչպես օգտագործել թվային գործիքներ՝ ձեր վիզուալ ինքնությունը ստեղծելու կամ բարելավելու համար։

 

Բրենդինգը և Վիզուալ Ինքնության Համակարգը (VIS)

Վիզուալ ինքնության համակարգը (VIS) այն տեսողական լեզուն է, որով խոսում է ձեր բրենդը։ Այն ներառում է լոգոն, գույներ, տառատեսակ, պատկերների ոճ, փաթեթավորման դիզայն, նույնիսկ փաստաթղթերի կամ ինվոիսների տեսքը:

Այս ամենն ապահովում են ձեր բրենդի էսթետիկ տեսքը, որը ձեր բիզնեսը դարձնում է հեշտ ճանաչելի տարբեր հարթակներում՝ սկսած Instagram-ի էջից մինչև ձեր ապրանքի փաթեթավորումը աշխարհի ցանկացած քաղաքում։

Մինչդեռ բրենդինգը այդ տեսքի հիմքում ընկած շունչն է։ Այն ներառումէ ձեր արժեքները, հաղորդակցության ոճը, հաճախորդների սպասարկման փիլիսոփայությունը, խոստումը, որը տալիս եք ձեր հաճախորդներին:

Ինչպես ասել է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը. «Բրենդը այն է, ինչպես մարդիկ ներկայացնում են ձեր ընկերությունը ձեր բացակայության ժամանակ»։

Այս երկու բաղադրիչների համադրությունը ստեղծում է միասնական ոճ, իսկ միասնական ոճը ստեղծում է ճանաչելիություն և վստահություն։

 

Ինչու է բրենդինգը կարևոր ընկերությունների համար

Բրենդինգը հաճախ կապվում է մեծ կորպորացիաների հետ։ Բայց իրականում այն նույնքան կարևոր է նաև փոքր և միջին բիզնեսների համար, որովհետև

բրենդինգը՝

  • Կառուցում է վստահություն․ գնորդները նախընտրում են կայուն և վստահելի ընկերություններ
  • Ստեղծում է ճանաչելիություն․ ուժեղ բրենդը հիշվում է հաճախորդների կողմից
  • Ավելացնում է բրենդի արժեքը․ բրենդավորված բիզնեսները մրցում են արժեքով, ոչ միայն գնով
  • Օգնում է սահմանել ներքին մշակույթը․ բրենդը օգնում է թիմին հասկանալ ընկերության առաքելությունն ու արժեքները

McKinsey & Company-ի կողմից կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ այն ընկերությունները, որոնք ներդրում են կատարում բրենդի և հաճախորդների փորձառության բարելավման մեջ, հաճախ գերազանցում են մրցակիցներին եկամտի աճի ցուցանիշներով։

Նույնիսկ ՓՄՁ-ների համար բրենդինգը դրական ազդեցություն ունի տարբեր առումներով՝

  • ներդրողների ընկալման տեսանկյունից
  • գործընկերային հնարավորությունների
  • մարդկային կապիտալի ներգրավման
  • հաճախորդների հավատարմություն

Առանց բրենդի ձեր ընկերությունը անդեմ է: Բրենդինգը այն դարձնում է առանձնահատուկ։

 

Ինչու է բրենդինգը կարևոր միջազգային շուկա մուտք գործելիս

Միջազգային շուկա մուտք գործելիս բրենդինգը ընկերության պատրաստ լինելու և վստահելիության ազդանշաններից է:

Միջազգային ընդլայնումն իր հետ բերում է նոր մրցակիցներ, նոր կանոններ և ակնկալիքներ։ Նման միջավայրում բրենդինգը դառնում է մրցակցային առավելություն։

Շատ հաճախ առաջին տպավորությունը ձևավորվում է առցանց միջավայրում, որտեղ բրենդի ինքնությունն ու հաղորդակցությունը կարծիք են ստեղծում ձեր բրենդի և ընկերության վստահելիության վերաբերյալ։

Ուժեղ բրենդը վկայում է ձեր ընկերության մասնագիտական փորձի, ճկունության և եզակի արժեհամակարգի մասին:

Արդյունքում լավ ձևավորված բրենդը ուժեղացնում է նաև ձեր բանակցային դիրքը և փոխում է ընկալումը՝ ձեզ ներկայացնելով ոչ թե պարզապես մատակարար, այլ վստահելի միջազգային գործընկեր։

 

Ինչպես կարող են հայկական ՓՄՁ-ները կառուցել ուժեղ բրենդ

Սահմանեք ձեր բրենդի ինքնությունը հետևյալ հարցերի օգնությամբ:

Ո՞րն է ձեր առաքելությունը

Ինչու՞ գոյություն ունի ձեր ընկերությունը: Ի՞նչ  նպատակ է հետապնդում:
Ձևակերպեք ձեր ընկերության առաքելությունը՝ հասկանալով ձեր բիզնեսի «ինչու»-ն։

Որո՞նք են ձեր արժեքները

Ի՞նչ սկզբունքներ են ներդրված ձեր բիզնեսի հիմքում։ Սահմանեք այնպիսի արժեքներ, որոնք համահունչ են ձեր թիրախային լսարանի համար, և որոնք կձևավորեն ձեր բրենդի ուրույն ձայնը: Խուսափեք այնպիսի ձևակերպումներից, ինչպիսիք են՝ «բարձր որակ», «նորարարական լուծումներ»: Փոխարենը ձևակերպեք կոնկրետ արժեքներ։

Ո՞վ է ձեր լսարանը

Ովքե՞ր են ձեր հաճախորդները։ Որո՞նք են նրանց կարիքները, ակնկալիքները և արժեքները։

Ստեղծեք հաճախորդի պրոֆիլներ (buyer personas) կամ իրականացրեք պարզ հարցումներ՝ ձեր լսարանն ավելի լավ ճանաչելու համար։

 

Ինչպես կառուցել բրենդ․ երկու հիմնական ուղի

ՓՄՁ ղեկավարները սովորաբար ընտրում են երկու տարբերակներից մեկը՝ պայմանավորված ընկերության աճի փուլով և ռեսուրսներով:

1. Բրենդինգի մասնագիտացված գործակալություն

Այս տարբերակը ներառում է բրենդինգի գործակալության կամ անկախ մասնագետի ներգրավում։

Նրանք իրականացնում են շուկայի ուսումնասիրություն, սահմանում են բրենդի ռազմավարությունը, ստեղծում են ձեր բիզնեսին հատուկ բրենդ

Սա նշանակում է, որ դուք վճարում եք ոչ միայն դիզայնի, այլ նաև ռազմավարական մտածողության և փորձի համար։

Այս տարբերակը հատկապես օգտակար է, եթե նախատեսում եք լուրջ միջազգային ընդլայնում։

 

2. Թվային DIY մոտեցում (Do It Yourself)

Այս տարբերակը հիմնված է առցանց գործիքների վրա, որոնք հեշտացնում են դիզայնի վերաբերյալ առաջադրանքները ոչ դիզայներների համար։

Այս գործիքները օգտագործում են արհեստական բանականություն և պատրաստի ձևանմուշներ՝ արագ և մատչելի բրենդային նյութեր ստեղծելու համար։

Հաճախ սա լավագույն մեկնարկն է ստարտափների համար։ Այդպիսի մի քանի հարթակներ՝

  • Canva՝ բրենդային փաթեթներ և սոցիալական մեդիայի վիզուալներ
  • Looka՝ AI-ի վրա հիմնված լոգոյի ստեղծում
  • Wix՝ կայքերի ստեղծում բրենդային գործիքներով
  • Squarespace՝ դիզայնի վրա կենտրոնացած կայքերի հարթակ
  • Adobe Express՝ դիզայնի համար նախատեսված պարզ գործիքներ

Այս հարթակները մատչելի են և հեշտ կիրառելի: Դրանք հարմար են բիզնեսի զարգացման վաղ փուլում, ինչպես նաև նպատակահարմար են նոր շուկաներ մուտք գործելիս թեստավորումներ անելու համար:

Եկեք համեմատենք 2 տարբերակները ստորև աղյուսակում․

Տարբերակների համեմատական աղյուսակ

 

Ստեղծեք և պահպանեք վիզուալ համակարգի միասնական ոճը

Lucidpress-ի ուսումնասիրությունը հետաքրքիր փաստ է բացահայտում՝ հետևողական բրենդինգը կարող է բարձրացնել եկամուտը մինչև 23%։

Երբ ձեր հաղորդակցությունն ու վիզուալները համահունչ են բոլոր հարթակներում, ձեր բրենդը ճանաչելիությունը մեծանում է։

Ձեր կայքը, LinkedIn էջը, այցեքարտերը, պրեզենտացիաները, փաթեթավորումը պետք է ունենան միասնական ոճ։

Սա բարձրացնում է բրենդի մասին տպավորությունը, մասնագիտական ընկալումը, ստեղծում է երկարաժամկետ բրենդային արժեք:

 

Օգտագործեք սոցիալական մեդիան

Սոցիալական մեդիան փոքր և մեկնակարային բրենդերի համար առաջխաղացման ամենաարդյունավետ հարթակներից մեկն է։ Այն թույլ է տալիս անմիջապես կապ հաստատել լսարանի հետ, պատմել բրենդի պատմությունը, կառուցել հավատարիմ համայնք:

Salesforce-ի կողմից ՓՄՁ֊ների շրջանում արված հետազոտության համաձայն՝ հաճախորդների 57%-ը նախընտրում է շփվել բիզնեսների հետ թվային հարթակներում։

Գործնական խորհուրդներ

  • ընտրեք ճիշտ հարթակները ձեր բիզնեսի համար
  • ստեղծեք հրապարակումների օրացույց
  • օգտագործեք տարբեր բովանդակության ձևաչափեր
  • կիրառեք ավտոմատացման գործիքներ
  • վերլուծեք արդյունքները և լավարկեք ռազմավարությունը

Ճիշտ կիրառման դեպքում սոցմեդիան կարող է դառնալ բրենդի կառուցման և առաջխաղացման հարթակ:

Ստեղծեք ձեր բրենդի պատմությունը AI գործիքներով

Բրենդի պատմությունը պետք է լինի հստակ, տարբերվող և ուղղված լսարանին։

Ստեղծեք իրական պատմություն, որը կարող է պարունակել հիմնադրի կողմից ուղերձ, հաճախորդների պատմություններ կամ կուլիսային դրվագներ բրենդի պատմությունը իրական դարձնելու նպատակով:

Լավ կառուցված պատմությունը ունի պարզ կառուցվածք՝ խնդիր→ լուծում→ փոփոխություն: Պահպանեք հաղորդակցության միասնական ոճ բոլոր հարթակներում և բրենդի պատմության ձևաչափը հարմարեցրեք տվյալ հարթակին՝ սոցիալական մեդիայի համար օգտագործելով կարճ ձևաչափ, իսկ կայքերի և ամսագրերի համար՝ ավելի խորքային և մանրամասն պատմություններ:

Օգտակար AI գործիքներ բրենդի պատմությունը մշակելու համար․

  • ChatGPT՝ բրենդային պատմությունների կառուցում
  • Jasper՝ մարքեթինգային հաղորդագրություններ
  • Copy.ai՝ սոցիալական մեդիայի կարճ տեքստեր
  • Canva Magic Write՝ վիզուալ պատմություն և դիզայն
  • Notion AI՝ բովանդակության պլանավորում և բրենդային հաղորդակցության ձևաչափերի մշակում

Ռազմավարական կիրառման դեպքում այս գործիքները օգնում են ՓՄՁ-ներին ստեղծել միասնական ոճով կերտված ազդեցիկ բրենդային պատմություններ՝ նույնիսկ առանց մեծ մարքեթինգային թիմերի:

Եզրակացություն

  1. Միջազգային ընդլայնումը համարձակ քայլ է։ Այն պահանջում է պլանավորում, ռեսուրսներ և համառություն։
  2. Սակայն առանց ուժեղ բրենդի նույնիսկ լավագույն ապրանքներն ու ծառայությունները կարող են մնալ աննկատ։
  3. Փոքր բիզնեսների համար բրենդինգը նշանակում է ոչ թե ավելի մեծ և ազդեցիկ երևալ, այլ հստակ ներկայացնել՝ ով եք դուք և ինչ արժեք եք ստեղծում։

 

Միջազգային շուկա մուտք գործելու նպատակ ունեցող հայկական ՓՄՁ-ների համար բրենդինգը ընտրություն չէ։ Այն կայուն և երկարաժամկետ զարգացման ռազմավարական հիմք է: