Կանաչ օրակարգ․ կառուցելով Երևանի ավելի առողջ և կայուն ապագան
Այսօր շենքի արժեքը չի չափվում միայն նրա ճարտարապետությամբ, բարձրությամբ կամ տեխնոլոգիական լուծումներով։ Ավելի ու ավելի կարևոր է դառնում այն հարցը, թե ինչ ազդեցություն ունի շենքը շրջակա միջավայրի վրա, և ինչպես է այն ազդում այնտեղ ապրող, աշխատող ու ժամանակ անցկացնող մարդկանց կյանքի վրա։
Հենց այս գաղափարն է ընկած WTC Երևանի նախագծման փիլիսոփայության հիմքում։ WTC Երևանի բազմաֆունկցիոնալ համալիրը նախատեսվում է կառուցել շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու մոտեցմամբ և միջազգային չափանիշներին համապատասխան՝ նշանակալի ներդրում ունենալով Հայաստանի կայուն զարգացման օրակարգում։
Միավորելով նորարարությունն ու համաշխարհային լավագույն փորձը՝ մենք ստեղծում ենք ապագային միտված, հարմարավետ և մարդակենտրոն քաղաքային միջավայր, որը համադրում է գերժամանակակից դիզայնը կայուն զարգացման սկզբունքների հետ՝ ձևավորելով A դասի, զրոյական արտանետումներին միտված շինություն՝ LEED Gold ևWELL Gold սերտիֆիկացման հավակնությամբ։
Էներգաարդյունավետ նախագծման, վերականգնվող էներգիայի ինտեգրման, ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ինչպես նաև կայուն և ցածր մարմնավորված ածխածնային արտանետումներով նյութերի կիրառման միջոցով WTC Երևանը նպաստում է ավելի կայուն և կանաչ ապագայի ձևավորմանը։ Միևնույն ժամանակ, բնական օդափոխությունը, պասիվ ջեռուցումը, բիոֆիլ լուծումները և առողջ ներքին միջավայրի ձևավորմանն ուղղված մոտեցումները կայունության սկզբունքները վերածում են մարդկանց առօրյա կյանքի և բարեկեցության անբաժանելի մասի։
WTC Երևանը հավակնում է դառնալ Հայաստանում առաջին շինությունը, որը նախագծման և կառուցման գործընթացում համատեղ հավակնում է LEED Gold և WELL Gold միջազգային սերտիֆիկացիաները՝ բարձր նշաձող սահմանելով այն բանի համար, թե ինչպիսին կարող է լինել ապագայի շինությունը։
Ի՞նչ են իրականում նշանակում այս երկու սերտիֆիկացիաները
Ի՞նչ է LEED-ը
LEED-ը (Leadership in Energy and Environmental Design) աշխարհում ամենաճանաչված կանաչ շենքերի գնահատման համակարգերից մեկն է։ Այն գնահատում է, թ որքան պատասխանատու և արդյունավետ է շենքը նախագծված և կառուցված շրջակա միջավայրի տեսանկյունից։
LEED-ի հիմքում պարզ, բայց կարևոր հարց է․ ինչպե՞ս կարող է շենքը նվազեցնել իր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ միաժամանակ մնալով արդյունավետ և հարմարավետ մարդկանց համար։
Գնահատման ընթացքում դիտարկվում են մի շարք կարևոր ուղղություններ, այդ թվում՝
- էներգիայի արդյունավետ օգտագործումը
- ջրի սպառման կրճատումը
- շենքի տեղակայման և քաղաքային միջավայրի հետ փոխհարաբերությունը
- կայուն տրանսպորտի և շարժունակության հնարավորությունները
- նյութերի ընտրությունը և ռեսուրսների պատասխանատու օգտագործումը
- շինարարական և շահագործման ընթացքում թափոնների կառավարումը
- ներքին միջավայրի որակը և նորարարական լուծումները։
LEED-ը շենքին չի շնորհվում պարզապես այն պատճառով, որ այն ունի կանաչապատ տարածք կամ արևային վահանակներ։ Այն գնահատում է շենքի ամբողջական մոտեցումը՝ սկսած նախագծման որոշումներից մինչև ռեսուրսների օգտագործումն ու շենքի շահագործման արդյունավետությունը։ Այսինքն՝ կայուն շենքը մեկ տեխնոլոգիա կամ մեկ լուծում չէ։ Այն բազմաթիվ փոխկապակցված որոշումների արդյունք է։
Ի՞նչ է WELL-ը
Եթե LEED-ը մեծապես կենտրոնանում է շենքի և շրջակա միջավայրի վրա, ապա WELL Building Standard-ը մարդու բարեկեցության շուրջ է։ Մեր կյանքի մեծ մասն անցկացնում ենք փակ տարածքներում՝ աշխատելով, ապրելով և շփվելով։ Այդ պատճառով այն միջավայրը, որտեղ անցնում է մեր օրը, կարող է ազդեցություն ունենալ մեր առողջության, ինքնազգացողության, կենտրոնանալու ունակության և ընդհանուր բարեկեցության վրա։ WELL-ը գնահատում է, թե ինչպես է շենքի միջավայրը նպաստում մարդկանց առողջությանն ու բարեկեցությանը։ Այն դիտարկում է այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝
- օդի որակը
- ջրի որակը
- բնական և արհեստական լուսավորությունը
- ջերմային հարմարավետությունը
- ակուստիկ միջավայրը
- շարժման և ֆիզիկական ակտիվության հնարավորությունները
- առողջությանն ու բարեկեցությանը նպաստող տարածքային լուծումները
- մարդկանց հոգեբանական և սոցիալական բարեկեցությունը։
Երկու չափանիշ, մեկ ամբողջական տեսլական
LEED և WELL սերտիֆիկացիաները տարբեր ուղղություններ ունեն, սակայն միասին դրանք ձևավորում են ապագայի շենքի ավելի ամբողջական պատկեր։
LEED-ը կարևորում է՝ ինչպե՞ս է շենքը վերաբերվում մոլորակին։
WELL-ը՝ ինչպե՞ս է շենքը վերաբերվում մարդկանց։
WTC Երևանի տեսլականն այս երկու գաղափարների համադրման մեջ է։ Սա նշանակում է ստեղծել միջավայր, որը ոչ միայն նվազեցնում է ռեսուրսների սպառումը և շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, այլև մտածում է այն մարդկանց մասին, ովքեր ամեն օր ապրելու, աշխատելու և ժամանակ են անցկացնելու այդ տարածքում։ Բնական լույսը, մաքուր օդը, կանաչապատ տարածքները, հարմարավետ ջերմային միջավայրը և մարդկանց շարժման ու շփման համար նախատեսված տարածքները այստեղ նույնքան կարևոր են, որքան էներգաարդյունավետ կամ ջրի խնայողության տեխնոլոգիաները։
Ինչպե՞ս է շենքը ստանում LEED կամ WELL Gold սերտիֆիկացում
Միջազգային սերտիֆիկացիա ստանալը վերջնական փուլում տրվող «պիտակ» չէ։ Այն գործընթաց է, որը սկսվում է դեռևս նախագծման առաջին փուլերից։ Շենքի նախագծողներն ու մասնագետները սահմանում են կայունության և մարդու բարեկեցության նպատակները, ուսումնասիրում են համապատասխան չափանիշները և նախագծային լուծումները մշակում այդ պահանջներին համապատասխան։ Այնուհետև գնահատվում և փաստաթղթավորվում են տարբեր լուծումներ և ցուցանիշներ՝ կախված սերտիֆիկացիայի պահանջներից։ Գործընթացը կարող է ներառել՝
- նախագծային լուծումների և տեխնիկական փաստաթղթերի գնահատում
- էներգաարդյունավետության և ռեսուրսների օգտագործման վերլուծություն
- կիրառվող նյութերի և համակարգերի ուսումնասիրություն
- շենքի ներքին միջավայրի հետ կապված չափումներ և գնահատումներ
- իրականացված աշխատանքների փաստաթղթավորում
- անկախ գնահատման և ստուգման գործընթացներ։
Gold֊ը ենթադրում է բարձր մակարդակի համապատասխանություն սահմանված չափանիշներին։ Այն նշանակում է, որ շենքը պետք է ոչ միայն բավարարի հիմնական պահանջներին, այլև մի շարք ուղղություններով հասնի ավելի բարձր արդյունքների։
Սերտիֆիկացիայի գործընթացն, ըստ էության, օգնում է ամբողջ նախագծային և կառուցապատման թիմին աշխատել մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ չափելի, ստուգելի և միջազգային չափանիշներին համապատասխան արդյունք ստեղծելու համար։
Կայունությունը սկսվում է նախագծումից, բայց չի ավարտվում շինարարությամբ
Կայուն շենք կառուցելը միայն ճիշտ նյութեր ընտրելը կամ էներգաարդյունավետ սարքավորումներ տեղադրելը չէ։ Շենքի իրական արդյունավետությունը կախված է նաև նրանից, թե ինչպես է այն աշխատում տարիների ընթացքում։ Այդ պատճառով սերտիֆիկացիայի գաղափարը սերտորեն կապված է նաև շենքի շահագործման և կառավարման մշակույթի հետ և ներառում է՝
- էներգիայի և ջրի սպառման մոնիթորինգ
- շենքի ինժեներական համակարգերի պատշաճ կառավարում և սպասարկում
- ներքին օդի որակի վերահսկում
- ջերմային և լուսային հարմարավետության պահպանում
- թափոնների կառավարման արդյունավետ համակարգեր
- առողջ և անվտանգ նյութերի ու մաքրման միջոցների կիրառման մոտեցումներ
- կանաչ տարածքների և ընդհանուր միջավայրի շարունակական խնամք։
Կայունությունը միանգամյա նպատակ չէ։ Այն շարունակական պատասխանատվություն է։ Շենքը պետք է ոչ միայն նախագծվի լավ աշխատելու համար, այլև տարիների ընթացքում ճիշտ կառավարվի, պահպանվի և զարգացվի։
Ի՞նչ են շահում մարդիկ ԵՎ քաղաքը
LEED և WELL չափանիշներով նախագծված շենքերը կարող են փոխել մարդկանց ամենօրյա փորձառությունը։ Պատկերացրեք աշխատանքային միջավայր, որտեղ բնական լույսն ավելի մեծ դեր ունի, օդի որակին ուշադրություն է դարձվում, ջերմաստիճանը նախագծված է մարդկանց հարմարավետության համար, իսկ կանաչ տարածքները դառնում են օրվա բնական մաս։ Կամ քաղաքային տարածք, որտեղ շենքը միայն փակ կառույց չէ, այլ նաև ստեղծում է բաց, կանաչ և մարդկանց համար հասանելի միջավայր։ Սա է այն արժեքը, որը կայուն և մարդակենտրոն ճարտարապետությունը կարող է նվիրել քաղաքին։
Բիզնեսների համար նման շենքերը կարող են ստեղծել նաև ավելի որակյալ աշխատանքային միջավայր՝ աջակցելով աշխատակիցների բարեկեցությանը, ընկերությունների գրավչությանը և երկարաժամկետ պատասխանատու գործունեությանը։ Քաղաքի համար դրանք կարող են դառնալ նոր չափանիշ՝ ցույց տալով, որ տնտեսական զարգացումը, բարձրակարգ ճարտարապետությունն ու շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվությունը կարող են զարգանալ միասին։
Կայունությունը՝ որպես ապագայի քաղաքային կյանքի մաս
Ապագայի քաղաքները միայն ավելի բարձր կամ ավելի տեխնոլոգիական շենքերի մասին չեն, այլ մարդկանց կյանքի որակի մասին են։ Այն մասին, թե որքան հարմարավետ է մեր աշխատանքային միջավայրը։ Թե որքան բնական լույս և կանաչ տարածք կա մեր առօրյայում։ Թե որքան պատասխանատու ենք օգտագործում էներգիան և բնական ռեսուրսները։ Եվ, ի վերջո, թե ինչպիսի քաղաք ենք ստեղծում հաջորդ սերունդների համար։
WTC Երևանի համար LEED Gold և WELL Gold սերտիֆիկացման հավակնությունը պարզապես միջազգային ճանաչում ստանալու նպատակ չէ, այլ ավելի լայն փիլիսոփայության արտահայտում՝ ստեղծելու մի միջավայր, որտեղ կայունությունը և մարդու բարեկեցությունը գործում են միասին։
Ավելի կանաչ։ Ավելի առողջ։ Ավելի պատասխանատու։ Եվ ամենակարևորը՝ մարդկանց համար ստեղծված։ WTC Երևանը ձգտում է դառնալ այդ ապագայի մի մասը՝ միավորելով համաշխարհային չափանիշները Երևանի յուրահատուկ բնույթի, կլիմայի և ապագայի հետ։



