Որպես փոքր կամ միջին ձեռնարկություն՝ (ՓՄՁ) դուք կարող եք ունենալ միջազգային հաջողության համար անհրաժեշտ հիմնական պայմանները՝ ուժեղ արտադրանք, մոտիվացված թիմ և աճի ձգտում։ Սակայն այստեղ կա մեկ ճշմարտություն․ ՓՄՁ-ների մեծ մասը իրականում պատրաստ չէ միջազգային ընդլայնման։ Մեծ Բրիտանիայի Բիզնեսի և Առևտրի դեպարտամենտի հետազոտության համաձայն՝ ՓՄՁ-ների 37%-ը միջազգային ընդլայնումը համարում է չափազանց ռիսկային, իսկ 75%-ը չի կարողանում այն դարձնել շահութաբեր 24 ամսվա ընթացքում։ Նրանք ունեն արտադրանք, ունենձ գտում, բայց չունեն համակարգեր։
Նոր շուկաներ մուտք գործելը միայն վաճառք չի ենթադրում: Դուք կառավարում եք բազմարժութային գործարքներ, բախվում տարբեր իրավական կարգավորումների, բանակցում միջազգային գործընկերների հետ, իրականացնում բեռնափոխադրում ընդհուպ այլ մայրցամաքներ և սպասարկում հաճախորդների տարբեր ժամային գոտիներում։ ԱՄՆ Փոքր Բիզնեսի վարչության ուսումնասիրության համաձայն՝ փոքր բիզնեսների նույնիսկ կեսը չի կարող իրականացնել միջազգային պատվերներ իրենց կայքի միջոցով։ Առանց համապատասխան թվային ենթակառուցվածքի, բիզնեսի միջազգայնացումը կարող է արագ դառնալ բարդ և անկառավարելի։
Այս հոդվածը կօգնի ձեզ հասկանալ, թե ինչ պետք է հաշվի առնել միջազգային շուկա մուտք գործելիս՝ ներառյալ թվային գործիքակազմը, որը կօգնեն ձեզ կազմակերպել և համակարգել աշխատանքները: Նաև կներկայացնենք, թե ինչպես կարող է WTC Երևանը աջակցել ձեզ այդ ճանապարհին։
Թեև այս հոդվածում ներկայացված առաջարկություններն ու խորհուրդները կիրառելիեն տարբեր ոլորտներում, դրանք առավել հարմար են արտադրողների, դիստրիբյուտորների և մանրածախ վաճառք իրականացնող ընկերությունների համար։ Եթե ձեր բիզնեսը հիմնված է ծառայությունների մատուցման վրա, այս սկզբունքներից շատերը նույնպես կիրառելի են, սակայն ձեր առաջնահերթություններն ու գործիքների ընտրությունը կարող են տարբեր լինել։
Միջազգային ընդլայնման քարտեզագրում․ ինչ է իրականում անհրաժեշտ
Մինչ թվային լուծումներին անդրադառնալը, պետք է հասկանալ միջազգային ընդլայնման պահանջները։ Այն ավելի բարդ է, քան լոկալ շուկայում աճը, և ցանկացած բացթողում կարող է արժենալ ժամանակ և գումար։
Արտադրության և պլանավորման կառավարումը ձեր գործունեության հիմքն է։ Կարևոր է կանխատեսել պահանջարկը տարբեր շուկաներում, հարմարեցնել արտադրական ժամանակացույցերը ըստ սեզոնայնության և ապահովել որակի համապատասխանությունը տարբեր տարածաշրջաններում։ Մատակարարների հետ հարաբերությունների կառավարումը դառնում է ավելի կարևոր և միաժամանակ ավելի բարդ, երբ նրանք գտնվում են արտերկրում։
Պահեստների և լոգիստիկայի կառավարումը զգալիորեն բարդանում է․ պահեստներ տարբեր երկրներում, պահեստավորման տարբեր կարգավորումներ, բեռնափոխադրումներ,որոնց համակարգումը կարող է շաբաթներ տևել։ Այս պայմաններում պահեստային ապրանքների գույքագրումն ու դրանց իրական ժամանակում վերահսկումը դառնում են պարտադիր անհրաժեշտություն:
Մատակարարման շղթայի թափանցիկությունը ապահովելը պարտադիր պայման է։ Ձեր մատակարարները, արտադրողները, պահեստները և հաճախորդները պետք է լինեն փոխկապակցված։ Ցանկացած փուլում առաջացած ուշացումը անդրադառնում է ամբողջ համակարգի վրա։ Դուք պետք է յուրաքանչյուր պահին իմանաք, թե որտեղ է գտնվում յուրաքանչյուր ապրանքը:
Հաճախորդների և գործընկերների կառավարումն ավելի բազմաշերտ է դառնում։ Համագործակցում եք տեղական դիստրիբյուտորների, մեծածախ և մանրածախ վաճառողների, ինչպես նաև անմիջապես հաճախորդների հետ, որոնք խոսում են տարբեր լեզուներով, գործում են տարբեր բիզնես մշակույթներում և ակնկալում են հաղորդակցության տարբեր ձևաչափեր։ Նման բազմազան միջավայրում գործընկերների և հաճախորդների հետ հարաբերությունների արդյունավետ կառավարումը դառնում է զգալիորեն բարդ։
Համապատասխանության և փաստաթղթավորման պահանջները տարբեր են յուրաքանչյուր երկրում․ մաքսային հայտարարագրեր, հարկային փաստաթղթեր, կարգավորող մարմիններին ներկայացվող հաշվետվություններ և առևտրային համաձայնագրեր։ Այս գործընթացներում անգամ մեկ սխալը կարող է հանգեցնել բեռնափոխադրումների ուշացման կամ ֆինանսական տույժերի։
Վաճառքի և մարքեթինգի ռազմավարությունը ենթադրում է տեղական շուկայի պահանջների ուսումնասիրություն: Այն, ինչ արդյունավետ է մեկ երկրում, կարող է չաշխատել մյուսում։ Անհրաժեշտ կլինի մշակել տեղայնացված մարքեթինգային արշավներ, կիրառել տարածաշրջաններին համապատասխան գնային ռազմավարություններ և ապահովել հաղորդակցություն, որը համահունչ է տվյալ շուկայի մշակութային առանձնահատկություններին։
Ֆինանսական կառավարումը և բազմարժութային հաշվառումը լացուցիչ բարդություն է ավելացնում։ Դուք գործ կունենաք տարբեր արժույթներով հաշիվ-ապրանքագրերի, փոխարժեքների կառավարման, տարբեր վճարային համակարգերով իրականացվող վճարումների վերահսկման և միաժամանակ մի քանի երկրներում հարկային պարտավորությունների կատարման հետ։
Տարբեր մշակութային արժեհամակարգերում և ժամային գոտիներում գտնվող գործընկերների հետ հաղորդակցությունը և համագործակցությունը պահանջում է ուրույն գործիքներ։ Տարբեր երկրներում գործող ձեր թիմերը պետք է մշտապես լինեն համակարգված, տեղեկացված և համահունչ կազմակերպության նպատակներին ու ռազմավարությանը։
Թվային գործիքները, որոնք հնարավոր են դարձնում միջազգային գործունեությունը
Յուրաքանչյուր մարտահրավերի համար գոյություն ունեն արդյունավետ թվային գործիքներ։ Հիմնական խնդիրը ձեր բիզնես մոդելին և բյուջեին համապատասխան գործիքների ճիշտ համադրության ընտրությունն է։
Ձեռնարկության կառավարման համակարգեր (ERP: Enterprise Resource Planning)
Ձեր բիզնեսի աճին զուգահեռ կարևոր է ունենալ մեկ կենտրոնացված հարթակ, որտեղ կպահպանվեն և կկառավարվեն ձեր բոլոր տվյալները։ Պատրաստի ERP համակարգի կիրառումը զգալիորեն ավելի գործնական և ծախսարդյունավետ է, քան անհատական լուծում մշակելը։
Արտադրական ընկերությունների համար
Odoo-ն հատկապես տարածված է միջազգային շուկաներում գործունեություն մեկնարկող արտադրողների շրջանում։ Այս գործիքի ամսական արժեքը սովորաբար կազմում է 1,500–2,000 ԱՄՆ դոլար։ Համակարգը մեկ հարթակում միավորում է պաշարների կառավարումը, արտադրության պլանավորումը և ֆինանսական հաշվառումը։
Սահմանափակ բյուջե ունեցող ՓՄՁ-ների համար
Եթե գտնվում եք միջազգային ընդլայնման սկզբնական փուլում, ERP Next բաց կոդով համակարգը կարող է լինել արդյունավետ այլընտրանք։ Կախված հոսթինգի ընտրությունից՝ գործիքի ամսական արժեքը կարող է կազմել 0–500 ԱՄՆ դոլար։ Թեև գործիքը չունի առաջադեմ լուծումներ, սակայն բավարարում է հիմնական գործառույթների համար՝ պաշարների վերահսկում, պատվերներ, մատակարարների կառավարում և ֆինանսական հաշվետվություններ։ Համակարգի ներդրման համար անհրաժեշտ է տեխնիկական աջակցություն, որի միանվագ արժեքը կազմում է 3,000–5,000 ԱՄՆ դոլար։
Մատակարարման շղթա և լոգիստիկա․ պաշարների հասանելիություն իրական ժամանակում
Բազմաթիվ ՓՄՁ-ներ հենց այս կետում բախվում են դժվարությունների։ Երբ բեռնափոխադրումները հատում են պետական սահմաններ, վերահսկողությունը թուլանում է։
Flexport-ը նախատեսված է միջին չափի ընկերությունների համար։ Այն ապահովում է առաքումների իրական ժամանակի հետևում և մաքսային փաստաթղթերի ավտոմատացում։ Փոքր բիզնեսների համար ծառայության արժեքը սկսվում է ամսական 500–1,000 ԱՄՆ դոլարից և աճում է օգտագործման ծավալին համընթաց։
Shippo-ն ավելի հարմար է առցանց առևտուր իրականացնող փոքր ընկերությունների համար։ Այն ինտեգրվում է խոշոր փոխադրողների՝ FedEx, UPS և DHL ծառայությունների հետ՝ ապահովելով իրական ժամանակի սակագներ, պիտակների մշակում և առաքումների հետևում։ Ծառայության արժեքը կարող է կազմել 0–99 ԱՄՆ դոլար ամսական՝ կախված ծավալից։ Հարթակը նաև ավտոմատ կերպով լրացնում է մաքսային ձևաթղթերը, ինչը կարող է զգալի ժամանակ խնայել։
Kinaxis-ի լոգիստիկ հարթակը արտադրական ընկերություններին տրամադրում է մատակարարման շղթայի պլանավորման առաջադեմ գործիքներ, որոնք օգնում են նվազեցնել «զսպանակի էֆեկտը» (bullwhip effect), այն իրավիճակը, երբ պահանջարկի փոքր փոփոխությունները մատակարարման շղթայի վերին օղակներում՝ արտադրող, դիստրիբյուտոր և մեծածախ վաճառք, առաջացնում են անհամաչափ փոփոխություններ։ Թեև հարթակի արժեքը բավականին բարձր է՝ ամսական մոտ 5,000–10,000 ԱՄՆ դոլար, այն համարվում է տարբեր երկրներում գործող մատակարարների և գործընկերների աշխատանքը համակարգելու ամենաարդյունավետ լուծումներից մեկը։
Հաճախորդների և գործընկերների հետ հարաբերությունների կառավարում
Առանց հաճախորդների տվյալների համակարգված կառավարման, տարբեր ժամային գոտիներում և լեզուներով հարաբերությունների պահպանումը դառնում է քաոսային։ CRM համակարգը այն հարթակն է, որտեղ կենտրոնացվում է ամբողջ տեղեկատվությունը թե՛ ձեր հաճախորդների, թե՛ գործընկերների մասին։
HubSpot-ը լավագույն լուծում է աճող արտադրական ընկերությունների համար։ Անվճար տարբերակը ներառում է CRM-ի հիմնական գործառույթները, սակայն Starter փաթեթը (ամսական 50 ԱՄՆ դոլար) նաև հնարավորություն է տալիս իրականացնել էլեկտրոնային նամակների արշավ, վաճառքի ավտոմատացում և կառուցել առանձին էջեր (landing pages)։ Միջազգային գործունեության տեսանկյունից HubSpot-ի կարևոր առավելությունը 47 լեզուների աջակցությունն է և առանձին տարածաշրջանների համար վաճառքի խողովակի (sales pipelines) կառուցումը։
Pipedrive-ը (ամսական 12–99 ԱՄՆ դոլար) ավելի քիչ գործիքակազմով և արագ ներդրվող լուծում է, քան HubSpot-ը, հատկապես փոքր թիմերի համար։ Այն լայնորեն օգտագործվում է դիստրիբյուտորների և B2B արտադրական ընկերությունների կողմից, քանի որ կենտրոնացած է գործարքների կառավարման և վաճառքների կանխատեսման վրա։
Zoho CRM-ը գնի տեսանկյունից լավագույն առաջարկն է՝ ամսական 18–65 ԱՄՆ դոլար: Արդյունավետորեն կառավարում է բազմարժութային գործարքները, ինչի շնորհիվ այն լայնորեն կիրառվում է ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվողը նկերությունների կողմից։ Ի տարբերություն HubSpot-ի՝ Zoho-ն պակաս ինտուիտիվ է օգտագործման տեսանկյունից, սակայն խոշոր ծավալների դեպքում զգալիորեն ավելի մատչելի է։
Մարքեթինգ և շուկայի տեղայնացում
Մարքեթինգային հաղորդագրությունները, որոնք արդյունավետ են լոկալ շուկայում, հաճախ արդյունավետ չեն այլ շուկաներում։ Անհրաժեշտ են գործիքներ, որոնք թույլ են տալիս հաճախորդներին բաժանել ըստ տարածաշրջանների և համապատասխանեցնել հաղորդագրությունները տեղական առանձնահատկություններին։
Mailchimp-ը (ամսական 13–350 ԱՄՆ դոլար) ապահովում է էլեկտրոնային մարքեթինգ և լսարանի հիմնական սեգմենտավորում։ Այն հնարավորություն է տալիս միաժամանակ իրականացնել տեղայնացված արշավներ մի քանի շուկաներում։ Հաճախորդներին կարելի է դասակարգել ըստ տարածաշրջանների, ադապտացնել հաղորդագրությունները տեղական նախասիրություններին և չափել արշավների արդյունավետությունը յուրաքանչյուր երկրում առանձին։
Hootsuite-ը (ամսական 99–739 ԱՄՆ դոլար) սոցիալական մեդիայի կառավարման գործիք է։ Այն հնարավորություն է տալիս հրապարակումներ կատարել, հետևել արձագանքներին, գնահատել բովանդակության է արդյունավետությունը յուրաքանչյուր շուկայում՝ ապահովելով բյուջե արդյունավետ ներդրումը։
Google Analytics 4-ը (անվճար) պարտադիր գործիք է ցանկացած ընկերության համար։ Խորհուրդ է տրվում ստեղծել առանձին տվյալների հոսքեր (data streams) յուրաքանչյուր երկրի համար, որպեսզի հստակ երևա, թե որ ապրանքները, կայքէջերը և մարքեթինգային արշավներն են լավագույն արդյունքները ապահովում տվյալ շուկայում։
Ֆինանսական կառավարում տարբեր արժույթներով
Երբ հաշիվ-ապրանքագրերը կազմվում են եվրոյով, բրիտանական ֆունտով կամ ԱՄՆ դոլարով, իսկ հաշվետվությունները ներկայացվում են ազգային արժույթով, առաջանում է զգալի բարդություն։ Փոքր և միջին ձեռնարկությունների մեծ մասը թերագնահատում է, թե որքան ժամանակատար է այս գործընթացը։
Xero-ն (ամսական 11–80 ԱՄՆ դոլար) արդյունավետ լուծում է բազմարժութային հաշվապահության համար։ Ցանկացած արժույթով կազմված հաշիվ-ապրանքագրերը ավտոմատ կերպով փոխարկվում են ընթացիկ փոխարժեքներով, իսկ հարկային հաշվետվությունները բաժանվում են ըստ իրավասությունների։
Stripe-ը կամ PayPal Business-ը միջազգային վճարային համակարգեր են, որոնք լավագույն լուծումներ են առցանց առևտուր իրականացնող ընկերությունների համար։ Stripe-ը մշակում է վճարումներ ավելի քան 135 արժույթներով։
Հաղորդակցություն և թիմերի համակարգում
Երբ պահեստը գտնվում է մի երկրում, մատակարարները՝ մեկ այլ երկրում, իսկ թիմն աշխատում է մի քանի ժամային գոտիներում, հաղորդակցման գործիքները դառնում են բիզնեսի հիմնական ենթակառուցվածքներից մեկը։ Slack-ը և Asana-ն հաղորդակցության և նախագծերի կոորդինացիայի լավագույն գործիքներ են:
Առաջարկվող գործիքակազմի համակցություններ՝ ըստ ոլորտների
Արդյունավետության տեսանկյունից ՓՄՁ-ները համադրում են գործիքակազմը՝ ելնելով ռազմավարական առաջնահերթություններից և կարևորությունից։
Արտադրություն
Odoo + Flexport + HubSpot + Xero
Այս համակցությունը ապահովում է արտադրության պլանավորում, լոգիստիկ գործընթացների տեսանելիություն, դիստրիբյուտորների կառավարում և ֆինանսական հաշվետվություններ։ Ամսական ընդհանուր արժեքը կազմում է մոտ 3,500–4,500 ԱՄՆ դոլար՝ կախված թիմիչ ափից։ Odoo-ն HubSpot-ի հետ կարող է կապակցվել Zapier-ի (ամսական 20–99 ԱՄՆ դոլար) նման միջանկյալ հարթակների միջոցով, ինչի շնորհիվ դիստրիբյուտորների պատվերներն ավտոմատ փոխանցվում են արտադրական պլանավորման համակարգ։
Առցանց առևտուր և նորաձևություն
Shopify Plus + Hootsuite + Mailchimp + Stripe
Այս համակցությունը կառավարում է առցանց խանութը, սոցիալական մեդիայի գործունեությունը տարբեր շուկաներում, թվային մարքեթինգային արշավները տարբեր երկրներում և միջազգային վճարումները։ Ամսական արժեքը կազմում է մոտ 2,400–3,000 ԱՄՆ դոլար։ Հիմնական առավելությունն այն է, որ այս համակարգերը բնականորեն ինտեգրվում են միմյանց հետ, և տվյալները ձեռքով մուտքագրելու անհրաժեշտություն չկա։
Սննդամթերք և խմիչքներ
Zoho CRM + Flexport + Xero + Slack
Այս համակցությունը համեմատաբար թեթև է, սակայն արդյունավետորեն կառավարում է դիստրիբյուտորների հետ հարաբերությունները, վերահսկում է արագ փչացող ապրանքների տեղափոխումը և ապահովում է բազմարժութային հաշվարկների իրականացումը։ Ամսական արժեքը կազմում է մոտ 1,500–2,000 ԱՄՆ դոլար։ Zoho CRM-ի և Xero-ի արդյունավետ ինտեգրումը հնարավորություն է տալիս դիստրիբյուտորական պայմանագրերը ինքնաշխատ եղանակով կապել ֆինանսական կանխատեսումների հետ։
Ներմուծում և արտահանում
Pipedrive + Shippo + Xero + Asana
Այս համակցությունը նախատեսված է այն ընկերությունների համար, որոնք ապրանքներ գնում են մի շուկայում և վաճառում մեկ այլ շուկայում։ Ամսական արժեքը կազմում է մոտ 1,000–1,500 ԱՄՆ դոլար։ Հիմնական առավելությունն այն է, որ Pipedrive-ում գործարքի ավարտից հետո Asana-ում ավտոմատ ստեղծվում են առաքման և մաքսային ձևակերպումների հետ կապված առաջադրանքներ։
Ինտեգրման խնդիրը
ՓՄՁ-ների ամենատարածված սխալներից մեկը միմյանցից հետ չկապվող գործիքների ընտրությունն է։ Նման դեպքերում լրացուցչի մանուալ աշխատանք է առաջանում, ինչը մեծացնում է սխալների հավանականությունը և ժամանակի կորուստի պատճառ դառնում։
Նոր գործիք ընտրելիս միշտ անհրաժեշտ է հարցնել. «Արդյո՞ք այն ինտեգրվում է արդեն իսկ ներդրված համակարգերի հետ»։
Zapier-ը և Make-ը ծառայում են որպես «կապող օղակ» այն գործիքների միջև, որոնք չունեն ինքնաշխատ ինտեգրում։ Սովորաբար նման կապակցումների համար անհրաժեշտ է նախատեսել ամսական 20–100 ԱՄՆ դոլար։ Եթե ունեք ռեսուրսի սղություն, ապա խորհուրդ է տրվում սկսել հիմնական հարթակից (ERP կամ առցանց առևտրի համակարգ), այնուհետև ավելացնել լոգիստիկ տեսանելիության գործիքներ, CRM համակարգ, և միայն հետո՝ մարքեթինգային գործիքներ։ Այս հերթականությունը թույլ է տալիս խուսափել նույն գործառույթը իրականացնող գործիքներից:
Խորհուրդ
Ծանոթացեք մեր նախկին հրապարակումներին՝
Ինչպես կառուցել հաջող e-commerce բիզնես․ 5 կարևոր գործոն հայկական ՓՄՁ-ների համար
Բրենդի Կառուցում Փոքր Բիզնեսների Համար․ Ռազմավարություն ևԳործիքներ




