Մարշալ Բաղրամյան պող. 2-րդ փակուղի, 8
Բիզնես և դիզայն․ կամուրջներ կապելով Վենետիկի և Հայաստանի միջև
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 17:30-ին, WTC Երևանը հյուրընկալեց Catalyst Talk հանդիպում՝ ճարտարապետ և դիզայներ, Մոսկվայի Դիզայնի միջազգային ակադեմիայի նախագահության անդամ Սերջիո Ֆերանդիի մասնակցությամբ։
Հանդիպումը նվիրված էր վենետիկյան նրբաճաշակ գեղագիտության և ժամանակակից նորարարությունների յուրահատուկ համադրությանը՝ շքեղ ճարտարապետության և բիզնեսի համատեքստում։
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց այն հարցին, թե ինչպես է իտալական դիզայնը դրսևորվում տարբեր ոլորտներում՝ հյուրընկալությունից և բնակելի ու հասարակական տարածքներից մինչև նորաձևություն և գրասենյակային միջավայրեր՝ համադրելով արժեքավոր նյութերը և տեսլականը։
Միջազգային նախագծերի և անհատական լուծումների օրինակներով Սերջիո Ֆերանդին մասնակիցներին ուղեկցեց գեղագիտական և տնտեսական արժեքների բացահայտման ճանապարհով՝ ցույց տալով, որ իսկական շքեղությունը միայն գեղեցկությունը չէ։ Այն նաև մնայուն արժեք ստեղծելու և տարբեր երկրներում ու մշակույթներում ձևավորված լավագույն փորձը մեկտեղելու արվեստ է։ Սա նրբագեղության և ռազմավարական մտածողության յուրօրինակ փիլիսոփայություն է, որը վերաիմաստավորում է բնակելի և աշխատանքային բացառիկ տարածքների չափանիշները։
Սերջիո Ֆերանդի
Սերջիո Ֆերանդին ծնվել է Իտալիայի Բերգամո քաղաքում։ Իր մասնագիտական գործունեության առաջին տարիներին աշխատել է շքեղ ինտերիերների և համալիր նախագծերի իրականացման ոլորտում՝ համագործակցելով իտալական առաջատար ընկերությունների հետ Միլանի (Hotel Principe di Savoia) և Շվեյցարիայի Սանկտ Մորիցի (Badrutt’s Palace) ամենահեղինակավոր հինգաստղանի հյուրանոցների շինարարական նախագծերում։ Այս փորձառությունից հետո նա կենտրոնացել է Մերձավոր Արևելքում՝ Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում և Արաբական Միացյալ Էմիրություններում, առանձնատների նախագծման և կառուցման վրա։ Հետագայում նրա գործունեությունն ընդլայնվել է՝ ներառելով նաև Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի շուկաները։ Նրա նախագծերից է նաև Ռուսաստանի Բաշկորտոստանի Հանրապետությունում գտնվող Ուֆայի օդանավակայանի նոր VIP տերմինալի նախագծումն ու կառուցումը։ 2019–2023թթ․ Սերջիո Ֆերանդին աշխատել է որպես դոցենտ Ալմաթիի ԿազԳԱՍԱ ճարտարապետական համալսարանում (Ղազախստան)։ 2019թ․ նա նաև Մոսկվայի Դիզայնի միջազգային ակադեմիայի (IAD) նախագահության անդամ է՝ գլխավորելով Եվրոպական միության բաժինը։
Ամրագրեք Ձեր տեղը
Շնորհակալություն գրանցման համար։ Մենք կկապվենք Ձեզ հետ՝ մասնակցությունը հաստատելու համար։



