Հայաստանի և միջազգային առևտրի մասին քննարկումները սովորաբար ծավալվում են մեկ ուղղությամբ՝ ինչպե՞ս կարող են հայկական ընկերությունները դուրս գալ միջազգային շուկաներ։ Այս հոդվածում հարցը դիտարկում ենք հակառակ տեսանկյունից՝ ինչո՞ւ են ավելի ու ավելի շատ միջազգային ընկերություններ դիտարկում Հայաստանը որպես ներդրումների, աշխատուժի ներգրավման և բիզնեսի զարգացման հարթակ, և ի՞նչ է իրականում ենթադրում հայկական շուկա մուտք գործելը։
Օտարերկրյա ընկերությունների համար, որոնք դիտարկում են նման որոշման հնարավորությունը, գործնական քայլերն ավելի կարևոր են, քան ընդհանուր խոստումները․ հարկային դրույքաչափերը, բիզնեսի գրանցման գործընթացը, իրական ծախսերն ու տեղում հասանելի աջակցությունը։
Ինչո՞ւ հենց հիմա՝ Հայաստանը
Հայաստանը փոքր, բաց և բարեփոխումների միտված տնտեսություն ունեցող երկիր է, որը վերջին տասնամյակում հետևողականորեն աշխատել է բիզնես վարելու և միջազգային գործընկերների հետ համագործակցելու պայմանները բարելավելու ուղղությամբ։
Օտարերկրյա ներդրողների համար հատկապես կարևոր են երկու հանգամանք։ Նախ՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ՝ Հայաստանը հնարավորություն է տալիս մաքսատուրքերի բացակայությամբ մուտք գործել միության անդամ պետությունների ավելի քան 180 միլիոն սպառող ընդգրկող միասնական շուկա։ Հայաստանում գործող ընկերությունները կարող են սպասարկել այդ շուկան, առանց մաքսային խոչընդոտների։
Երկրորդ՝ երկրի տեխնոլոգիական ոլորտն արագ զարգանում է։ Հայաստանը StartupBlink-ի 2026 թվականի համաշխարհային ստարտափ էկոհամակարգերի ինդեքսում զբաղեցնում է 55-րդ տեղը՝ Կովկասի երկրների շարքում գրանցելով ամենաբարձր ցուցանիշը։
Բացի այդ, Հայաստանն առաջարկում է մրցունակ ծախսեր, բարձր կրթական մակարդակ ունեցող աշխատուժ և կարգավորումները պարզեցնելուն ուղղված հետևողական պետական քաղաքականություն։ Տնտեսության ընդհանուր պատկերի, աճի միտումների և մասնավոր հատվածի զարգացման ուղղությունների մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ մեր Հայաստանի տնտեսական հեռանկարներին նվիրված հոդվածում։
Մրցունակ հարկային համակարգ
Հայաստանում բիզնես վարելու առավելությունների հիմքում մրցունակ հարկային համակարգն է։ Ընդհանուր հարկման համակարգում գործող ընկերությունները վճարում են 18% շահութահարկ և 20% ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ)։ ԱԱՀ վճարողի գրանցման պարտավորությունն առաջանում է, երբ շրջանառությունը գերազանցում է 115 միլիոն դրամը։
Շահաբաժինները հարկվում են ընդամենը 5% դրույքաչափով, որը համարվում է աշխարհի ամենացածր դրույքաչափերից մեկը։ Ֆիզիկական անձանց եկամուտները հարկվում են 20% միասնական դրույքաչափով՝ առանց աստիճանական հարկման սանդղակի։ Հայաստանում չկա նաև հարստության, նվիրատվության կամ ժառանգության հարկ։ Երկիրը շուրջ 50 կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր է կնքել այլ պետությունների հետ, ինչը նպաստում է միջսահմանային եկամուտների կրկնակի հարկումից խուսափելուն։
Փոքր բիզնեսի համար գործում են ավելի պարզ հարկման տարբերակներ։ Մինչև 115 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ընկերությունները կարող են կիրառել շրջանառության հարկի համակարգը, որի դրույքաչափը, կախված գործունեության տեսակից, կազմում է 1.5–10%։ Իսկ մինչև 24 միլիոն դրամ (մոտ 65,000 ԱՄՆ դոլար) շրջանառություն ունեցող միկրոձեռնարկատիրական գործունեությունը կարող է ազատվել շահութահարկից։
Օտարերկրյա ընկերության համար, որը ցանկանում է փոքր տեղական կառույցի միջոցով փորձարկել շուկան, մուտքի ծախսերը համեմատաբար ցածր են հենց այս հնարավորությունների շնորհիվ։
Արտոնություններ ՏՏ ԵՎ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում
Հայաստանն առավել լայն հնարավորություններ է առաջարկում տեխնոլոգիական ոլորտում։ 2025թ․ հունվարից գործող բարձր տեխնոլոգիաների ոլորտին աջակցության մասին օրենսդրությամբ սահմանված պայմաններին համապատասխանող ՏՏ ընկերությունները, որոնց շրջանառությունը չի գերազանցում 115 միլիոն դրամը, ՏՏ գործունեությունից ստացված եկամուտների նկատմամբ կարող են վճարել 1% շրջանառության հարկ։ Այս արտոնյալ դրույքաչափը օրենքով նախատեսված է մինչև 2031թ․ վերջը։
Արտոնությունները վերաբերում են նաև աշխատակիցներին։ ՏՏ ոլորտի աշխատողների եկամտահարկը ստանդարտ 20%-ի փոխարեն կարող է կազմել 10%, իսկ ընդհանուր հարկման համակարգում գործող ընկերությունները կարող են տեխնիկական անձնակազմի աշխատավարձերի 200%-ը ներառել հարկվող շահույթը նվազեցնող ծախսերում։
Ստարտափների համար նախատեսված են լրացուցիչ արտոնություններ։ Մինչև 30 աշխատակից ունեցող ստարտափները կարող են նոր աշխատակիցների համար ստանալ վճարված եկամտահարկի 100%-ի վերադարձ, իսկ ավելի մեծ ընկերությունների համար նախատեսված է 50% վերադարձ։ Գործում են նաև հետազոտությունների և մշակումների (R&D) աջակցության մեխանիզմներ։
Գործնական կարևոր պահանջներից է պարտադիր գրանցումը Բարձր տեխնոլոգիաների ռեգիստրում, որի միջոցով ընկերությունները ստանում են համապատասխան հարկային ռեժիմից օգտվելու հնարավորություն։
Ծրագրային ապահովմամբ զբաղվող ընկերությունների, հետազոտությունների և մշակումների կենտրոնների կամ ինժեներական թիմեր ձևավորող կազմակերպությունների համար այս արտոնությունների համադրությունը տարածաշրջանի առավել գրավիչ առաջարկներից է։ Սա նաև այն հիմնական պատճառներից է, թե ինչու են բազմաթիվ միջազգային տեխնոլոգիական ընկերություններ գործունեություն սկսել Հայաստանում։
Բիզնեսի գրանցման պարզեցված գործընթաց
Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ ընկերություն հիմնելու և գործունեություն սկսելու համար։ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՍՊԸ) գրանցումն անվճար է և սովորաբար տևում է մեկից երեք օր։ 2025թ․ բարեփոխումներից հետո գործընթացի զգալի մասը կազմակերպվում է թվային եղանակով, ինչը հնարավորություն է տալիս օտարերկրյա հիմնադրին գրանցման հիմնական քայլերն իրականացնել առանց Հայաստան ֆիզիկապես ժամանելու։
Կան երկու կարևոր ժամկետներ, որոնց մասին արժե նախապես իմանալ, քանի որ դրանք հեշտ է անտեսել, իսկ հետևանքները կարող են ծախսատար լինել։ Առաջինը արտոնյալ հարկման ռեժիմ ընտրելու համար նախատեսված կարճ ժամկետն է, որը սկսվում է ընկերության գրանցումից հետո։ Երկրորդը՝ ընտրված ռեժիմի հաստատման տարեկան ընթացակարգը, որն իրականացվում է հունվար–փետրվար ամիսներին։
Հարկման համապատասխան ռեժիմի ընտրությունը հենց սկզբից ընդհանուր հարկման համակարգ, շրջանառության հարկ, միկրոձեռնարկատիրություն կամ ՏՏ ոլորտի հատուկ ռեժիմ, կարող է զգալիորեն նվազեցնել ընկերության առաջին տարվա հարկային ծախսերը։ Հետևաբար, սա այն որոշումներից է, որի հարցում մասնագիտական խորհրդատվությունը կարող է էական նշանակություն ունենալ։
Տնտեսության ոլորտներն ու ազատ տնտեսական գոտիները
Հարկման ընդհանուր համակարգից բացի, Հայաստանում գործում են մի շարք ազատ տնտեսական գոտիներ, այդ թվում՝ «Ալյանս» և «ԷԿՈՍ» գոտիները։ Սահմանված պայմաններին համապատասխանող ռեզիդենտ ընկերություններն ազատվում են շահութահարկից, ԱԱՀ-ից և մաքսատուրքերից՝ վճարելով միայն եկամտահարկ։
Արտադրական, տեխնոլոգիական և արտահանմանն ուղղված բիզնեսների համար այս գոտիները կարող են զգալիորեն նվազեցնել գործունեության ծախսերը։
Օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը հատկապես մեծ է տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության ու գործարար միջոցառումների, ինչպես նաև ագրոպարենային ոլորտների նկատմամբ։ Գործարար միջոցառումների ենթակառուցվածքների մասին ավելի մանրամասն ներկայացված է մեր Հայաստանի MICE ենթակառուցվածքներին նվիրված հոդվածում։
Շուկա մուտք գործելու բյուջեի պլանավորում
Ընկերության գրանցումը բյուջեի միայն առաջին ծախսային կետն է։ Շուկա մուտք գործելու իրատեսական պլանը պետք է հաշվի առնի երեք հիմնական գործոն։
Առաջինը գրասենյակային տարածքներն են, որոնց գները տարածաշրջանի համեմատ մնում են մրցունակ, հատկապես՝ ամենաբարձր դասի տարածքներից դուրս։
Երկրորդը տեղական մասնագետների հասանելիությունն է։ Սա Հայաստանի կարևոր առավելություններից է, քանի որ աշխատավարձերը, հատկապես տեխնոլոգիական ոլորտում, ավելի ցածր են, քան Արևմտյան Եվրոպայում, մինչդեռ մասնագիտական հմտությունների մակարդակը բարձր է։
Երրորդը շուկայում բրենդի ճանաչելիություն ձևավորելու համար անհրաժեշտ մարքեթինգային և մեդիա բյուջեն է։ Այս ծախսը հաճախ թերագնահատվում է, ինչի հետևանքով ընկերության զարգացումը դանդաղում է։ Տեղական ճանաչելիության ձևավորումը հենց սկզբից՝ մեդիայի, թիրախավորված արշավների և ճիշտ գործընկերների միջոցով, կրճատում է առաջին հաճախորդներին ներգրավելու և աշխատակիցներ գտնելու ճանապարհը։
Պարտադիր չէ ամեն ինչ անել միայնակ
Հայկական շուկա մուտք գործելու բոլոր քայլերը պարտադիր չէ ինքնուրույն կազմակերպել։ Հայաստան մուտք գործող ներդրողները սովորաբար համագործակցում են տեղական խորհրդատուների հետ՝ հարկային և իրավական կառուցվածքը ճիշտ ձևավորելու համար, հատկապես հարկման ռեժիմի ընտրության և Բարձր տեխնոլոգիաների ռեգիստրում գրանցման հարցերում։
Օգտակար քայլ է նաև լոգիստիկ և մաքսային բրոքերների հետ խորհրդակցելը՝ ԵԱՏՄ տարածքում և դրանից դուրս ապրանքների տեղափոխումը կազմակերպելու համար, ինչպես նաև հայկական բանկերի հետ համագործակցելը՝ հաշիվներ բացելու և վճարային գործընթացներ կարգավորելու նպատակով։
Ճիշտ գործընկերների ընտրությունը հենց սկզբից հաճախ որոշիչ նախապայման է սահուն մեկնարկի համար։
WTC Երևան․ ձեր մեկնարկային հարթակը հայկական շուկա
Հենց այս դերն է կոչված ստանձնելու World Trade Center Երևանը։ Որպես մայրաքաղաքի A դասի բիզնես հասցե՝ WTC Երևանն ընկերություններին առաջարկում է շատ ավելին, քան պարզապես տարածք։ A դասի գրասենյակային շենքի չափանիշների մասին ավելին կարող եք իմանալ Ի՞նչն է շենքը դարձնում A դասի նախորդիվ հրապարակված հոդվածում։
Աշխարհի 90 երկրներում՝ 324 քաղաքում գործող և ավելի քան մեկ միլիոն փոխկապակցված ընկերություն միավորող World Trade Center ցանցի միջոցով WTC Երևանի անդամները հնարավորություն են ստանում գտնել համապատասխան բիզնես գործընկերներ, կապեր հաստատել վստահելի տեղական կազմակերպությունների հետ և ներկայանալ WTC Երևանի հաղորդակցման հարթակներում։
Օտարերկրյա ներդրողի համար սա հնարավորություն է մուտք գործել նոր շուկա՝ արդեն ձևավորված գործարար կապերի ցանցով, այլ ոչ թե ամեն ինչ սկսել զրոյից։
Հայաստանն աստիճանաբար դառնում է տարածաշրջանի այն երկրներից մեկը, որտեղ բիզնես հիմնելն ու զարգացնելը գործնական տեսանկյունից առավել հարմար է․ հարկային մրցունակ պայմաններ, տեխնոլոգիական ոլորտի գրավիչ արտոնություններ և շուկա մուտք գործելու համեմատաբար արագ գործընթաց։
Եթե դիտարկում եք Հայաստանում գործունեություն սկսելու հնարավորությունը, WTC Երևանի Business Hub-ը կարող է դառնալ ձեր առաջին կապը Հայաստանի գործարար միջավայրի հետ և ձեր առաջին գործարար հասցեն։



